
Վրաստանում ֆերմերները կկարողանան օգտվել պետական օգնությունից` 200 լարի, յուրաքանչյուր գրանցված հեկտար հողի դիմաց, միայն մասնագիտացված գյուղատնտեսական խանութներում: Այս մասին «Palitranews»-ի եթերում հայտարարել է Գյուղատնտեսության զարգացման գործակալության փոխտնօրեն Գեորգի Ջիբլաձեն: Ըստ նրա, խոսքը 0.25 հա-ից 5 հա հողամասերի սեփականատերերի մասին է:
«Լիբերթի բանկի պլաստիկ քարտերը բաժանվելու են ֆերմերներին: Հնարավոր է ոմանք արդեն ունեն դրանք: Յուրաքանչյուր հեկտար հողամասի դիմաց 200 լարի գումարը կփոխանցվի այդ քարտերին: Դրանք կարող են օգտագործվել մասնագիտացված գյուղատնտեսական խանութներում: Այսինքն՝ խանութներում, որտեղ վաճառվում են գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքները՝ լինի դա թունաքիմիկատ, բույսերի խնամքի միջոց թե այլ ապրանքատեսակ:
Միևնույն ժամանակ, ավելի քան 1 հա տարածք ունեցող հողատերերը կկարողանան օգտվել մեխանիզացման ծառայությունից», – պարզաբանել է Ջիբլաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մայիսի 12-ին ներկայացրել էր համավարակի պայմաններում գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագիրը և նշել, որ գյուղատնտեսական գործընթացը չպետք է դադարի նույնիսկ մեկ օրով, երկրում չպետք է մնան անմշակ հողեր: Ֆերմերներին աջակցելու համար յուրաքանչյուր ոք, ով մինչև տարեվերջ վարելահող կգրանցի, յուրաքանչյուր հեկտարի դիմաց կստանա 200 լարի: