Նինոծմինդայի Երիտասարդների կամավորական բարեգործական կազմակերպությունը, որում մասնակից են եղել և իրենց ներդրումն են ունեցել բարեգործ անձինք ևս, արդեն ցուցաբերել են իրենց առաջին օգնությունը սոցիալապես անապահով մի քանի ընտանիքների, օգնությունը եղել է սննդի տեսքով։ Տեղեկությունը այս մասին Facebook սոցիալական էջում հրապարակել է վերը նշված կազմակերպությունը։ Տեղեկությունը մեջբերում ենք ամբողջությամբ.
«Նախ և առաջ ուզում ենք մեծապատիվ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս ծրագրի մեջ։ Ուզում ենք տեղեկացնել, որ այսօր՝ մայիսի 13 ին, մեր և ձեր ջանքերի շնորհիվ 16 ընտանիքի հատկացվեց որոշակի օգնություն՝ սննդի տեսքով։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալական օգնության բաժնի օգնությամբ ընտրեցինք այն ընտանիքները, որոնց օգնությունը կրճատված կամ ամբողջությամբ դադարեցված էր պետության կողմից՝ անձնագրային կամ այլ փաստաթղթային խնդիրների հետ կապված։ Կային այնպիսի ընտանիքներ, որոնք չափազանց անբարենպաստ պայմաններում էին ապրում։ Մեր համար շատ ցավալի էր, որ դպրոցական երեխաները ստիպված էին ինտերնետի բացակայության պատճառով դասեր անցկացնել հարևանների կամ բարեկամների տանը։ Ծրագիրը շարունակական է։ Մենք պատրասվում ենք մինչև մայիս ամսվա վերջ օգնել ևս 10 ընտանիքի։ Սակայն օգնությունը կլինի ոչ միայն սննդի տեսքով, այլ նաև հագուստի։ Նաև մենք կփորձենք հասանելի դարձնել կարիքավոր ընտանիքներում երեխաների որակյալ կրթությունը…»
Բորիս Մզիկյանը այսօր մեզ հետ զրույցում նշեց. «Կամավորները հետզհետե ավելանում են ու դա շատ ուրախալի է, մեր չնչին օգնությունը ինչ-որ մեկի համար մեծ բան է նշանակում: 16 սոցիալապես անապահով ընտանիքները ովքեր օգնություն ստացան, դրանք Օրլովկա, Հեշտիա, Դիլիֆ, Մեծ Խանչալի եւ Նինոծմինդայի բնակիչներն էին: Առայժմ աշխատանքները ընթացքի մեջ են եւ հույսով ենք որ էլ ավելի շատ մարդիկ կմիանան մեզ եւ 10 -ի փոխարեն կօգնենք արդեն 20 – 30 անապահով ընտանիքների»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Nor ռադիոն ներկայացրել էր, որ Նինոծմինդայում կամավորների բարեգործական խումբը ձևավորել են երիտասարդներ` Բորիս Մզիկյանը, Գարիկ Բդոյանն ու Իշխան Սարգսյանը: Նախաձեռնության նպատակն է օգնության ձեռք մեկնել սոցիալապես անապահով ընտանիքներին, հատկապես երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում:
Բորիս Մզիկյանը մեզ հետ հեռախոսազրույցում պատմել էր. «Մենք որոշեցինք մարդկանց օգնել եւ ձեռք մեկնել այս դժվար եւ ծանր ժամանակահատվածում եւ ինչ-որ կերպ թեթևացնել նրանց հոգսերը։ Ներկա պահին հավաքվել է մոտ 200 – 300 լարի գումար: Իմացել ենք որ մեր շրջանում կա 35 -ից ավելի սոցիալապես անապահով ընտանիք։ Նինոծմինդայի քաղաքապետարանից կվերցնենք այդ կարիքավոր ընտանիքների տվյալներն ու ըստ այդ տվյալների կաշխատենք օգնություն ցուցաբերել, ճիշտ է բոլորին չենք կարող միանգամից օգնել, բայց առաջնային նպատակն է գոնե ձեռք մեկնել ամենակարիքավոր 10 ընտանիքներին: Օգնությունը լինելու է սննդամթերքի տեսքով: Այս ծրագիրը շարունակական բնույթ է ունենալու աշխարհում ստեղծված պանդեմիայից հետո նույնպես»:
Նինոծմինդայի նորաստեղծ երիտասարդների կամավորական բարեգործական կազմակերպությունը ցանկացողներին առաջարկում է միանալ իրենց խմբին (Ֆեյսբուք սոցիալական ցանց) եւ դրամահավաքի կամ սննդամթերքի միջոցով օգնել այն ընտանիքներին, ովքեր գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: