Մայիսի 14-ին Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում վթարվել է ջրատար խողովակը, իսկ ջուրը հոսելով Պուշկին և Գոգոլ փողոցներով, լցվում է Ագրիչայ գետը: Ինչպես երևում է լուսանկարներից, մի քանի օր առաջ այս հատվածում իրականացվել էին վերականգնողական աշխատանքներ՝ հանվել էր ասֆալտի շերտը և փոս փորվել:
Վերջին ժամանակները Նինոծմինդա քաղաքում հաճախակի են դարձել ջրատար խողովակների վթարման դեպքերը: Այս շաբաթ սա արդեն չորրորդ դեպքն է: Ջրամատակարարող ընկերության աշխատակիցների խոսքով, ջրատարների վթարների դեպքերի հաճախակիացումը կապված է գարնանային եղանակով պայմանավորված ջրի ճնշման բարձրացման հետ, իսկ ջրատարների հին հատվածները, չդիմանալով ջրի ճնշմանը, շարքից դուրս են գալիս:
NOR ռադիոն իր հետագա նորություններում կանդրադառնա խնդրի լուծմանը: