Համավարակի պայմաններում ոչխարաբուծությունը դարձել է էլ ավելի անշահավետ

Համավարակի պայմաններում ոչխարաբուծությունը դարձել է էլ ավելի անշահավետ

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ ոչխարաբուծությամբ զբաղվելը դարձել է էլ ավելի անշահավետ:

Գառը, բուրդը, կաթը և պանիրը գյուղացին իրացնում է առանձին-առանձին, իսկ համավարակի օրերին պահանջարկը նվազել է, գնորդ չկա, արտադրանքը մնացել է տեղում: Ոչխարաբուծության ոչ շահավետ լինելու պատճառով փոքր եղջերավոր անասունների գլխաքանակը վերջին տարիներին գնալով նվազում է:

Փոկա գյուղում բնակիչները ոչխարաբուծությամբ զբաղվել են դեռ շատ վաղուց: Վահան Աղայանը փորձառու ոչխարաբույծ է:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղատնտեսության զարգացման ծառայության տվյալների համաձայն՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ոչխարների գլխաքանակը 2017թ. կազմել է 36 000, 2018թ.՝ 34 000, իսկ 2019թ.՝ 18 000: Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները մի շարք պատճառներով պայմանավորված ոչխարաբուծությունը գնալով անկում է ապրում:


Վահանի ֆերմայում կա ընդհանուր հաշվով 150 փոքր եղջերավոր անասուն: Վահանը նշում է, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով ոչխարի և ոչխարից ստացված արտադրանքի նկատմամբ պահանջարկը կտրուկ նվազել է, սակայն ինքը չի պատրաստվում դադարել իր վաղեմի գործով զբաղվել:

«Ամբողջ կյանքս զբաղվել եմ անասնապահությամբ և ոչխար եմ պահել: Մեր արտադրանքը մեզնից էժան գնում են և իսկ իրենցը թանկ վաճառում: Միսը և պանիրը գնալով էժանանում է շուկայում: 1 կիլոգրամ պանիրի դիմաց առաջարկում են 2 կիլոգրամ պոմիդոր: Անցյալ տարի էս 1 կիլոգրամ պանիրը վաճառել եմ 13 լարիով, իսկ այս տարի չեմ կարողանում վաճառել, քանի որ պահանջարկ չկա: Գնում են այն մարդիկ, ովքեր գիտեն իմ պանիրի համը: Լավ գառի դիմաց, որն ունի 20-25 կիլոգրամ քաշ, առաջարկում են 220-230, իսկ ոչխարի դիմաց առաջարկում են 250 լարի, այն էլ՝ տեղում:

՛՛Տեղացի գնորդները հիմնակնում մեր գյուղից են, Գանձայից և Արագյալից: Նրանք գալիս են աշնանը: Այս տարի գնորդ էլ չի գալիս: Բուրդը ընդհանրապես չի վաճառվում, ամբողջը նետում ենք գետը, քանի որ այն հանձնելու տեղ էլ չկա: Եթե այսպես երկար շարունակվի, ապա մարդիկ կսկսեն թալանն ու կողոպուտը, որպեսզի կարողանան ապրել՛՛,- բողոքում է Վահան Աղայանը:

Փորձառու հովիվը ոչխարներին խնամում է ավանդական ձևով, գառներին խնամում է հատուկ մեթոդով, նշելով, որ ամեն ինչ պետք է ժամանակին անել, որ նրանք լավ ոչխարներ դառնան: Վահան Աղայանը նշում է, որ մի ոչխար պահելու համար տարեկան անհրաժեշտ է 120-150 լարի, իսկ վաճառվում է մեծ դժվարությամբ:

Ոչխարի գլխաքանակի նվազման պատճառներից մեկն էլ հովիվների բացակայությունն է: Տեղի բնակիչները մեծ դժվարությամբ են գնում այդ աշխատանքին: Ֆերմերները ստիպված են հովիվ փնտրել մյուս մունիցիպալիտետներում, ինչը ևս խնդիրը չի լուծում: Ֆերմերներից շատերը չեն կթում ոչխարներին, քանի որ կթվորներ չկան: 500 ոչխար կթելու համար անհրաժեշտ է նվազագույնը 10 կթվոր: 1 ոչխարը օրեկան տալիս է կես լիտր կաթ: