Հասարակական տրանսպորտը մայիսի 22-ից շուտ չի գործի

Հասարակական տրանսպորտը մայիսի 22-ից  շուտ չի գործի

Ավտոբուսներն ու մետրոն կարող են վերսկսել իրենց աշխատանքը մայիսի 22-ից հետո, բայց ուղևորները ստիպված կլինեն հաշվի առնել Առողջապահության նախարարության խորհուրդները: Այս մասին տեղեկացնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Առողջապահության նախարարությունը երեք օրվա ընթացքում հանձնարարականներ կուղարկի կառավարությանը՝ հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսմանը նախապատրաստվելու համար: Հանձնարարականների մշակմամբ զբաղվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Հայտնի է, որ հասարակական տրանսպորտով ուղևորության ժամանակ ուղևորները ստիպված կլինեն դիմակներ կրել և սոցիալական հեռավորություն պահպանել: Նախատեսվում է նաև ուղևորների ջերմաչափում, սակայն, թե ինչպես է դա տեղի ունենալու, դեռևս քննարկման փուլում է: Դեռ հայտնի չէ նաև, թե քանի ուղևոր կթույլատրվի տեղաշարժվել ավտոբուսով կամ մետրոյով:

«Որքան ես գիտեմ, նախատեսվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը վերսկսել նվազագույն ծանրաբեռնվածությամբ, ինչը նշանակում է մարդկանց սահմանափակ թիվ տրանսպորտում և դիմակներ պարտադիր կրել», – Հանրային հեռուստատեսությանը հայտնել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի վարիչ Խաթունա Զախաշվիլին:

Մասնագետն ընդգծել է, որ հասարակական տրանսպորտի աշխատանքի վերսկսումը, ներառյալ միջքաղաքայինը, վարակման դեպքերի հնարավոր աճի ռիսկ է ներկայացնում: Հետևաբար հնարավոր է, որ, եթե համաճարակաբանական իրավիճակը վատթարանա, հասարակական տրանսպորտի աշխատանքի սահմանափակումները կրկին սկսեն գործել:

«Հասարակական տրանսպորտը նույնպես կարևոր է միջքաղաքային երթևեկությունը վերականգնելու գործընթացում: Այնուամենայնիվ, վերականգնման ամբողջ գործընթացը տեղի է ունենալու ամենօրյա համաճարակաբանական նկատառումներից ելնելով: Հասարակական տեղաշարժման ցանկացած փոփոխություն կապված է հնարավոր ռիսկերի բարձրացման հետ: Եթե, այդ ռիսկերի ավելացման արդյունքում, դեպքերի աճը վերադառնա օրակարգ, ապա, ցավոք, մենք պետք է պարբերաբար վերափոխենք և վերադարձնենք որոշակի սահմանափակումներ՝ հասարակական տրանսպորտի շարժման հետ կապված», – հայտարարել է Զախաշվիլին:

Այսօր Վրաստանում հասարակական տրանսպորտի միակ տեսակը տաքսին է: