Ախալցիխեի հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում գտնվող հին գերեզմանատան հարակից տարածքի բնակիչները դեպի տուն գնացող ճանապարհը, առանց քաղաքապետարանի թույլտվությամբ որոշել են լայնացնել, ինչի հետևանքով հին գերեզմանոցից մարդու ոսկորներ են դուրս եկել:
«Դեպի տուն գնացող ճանապարհն են ուզում լայնացնել: Եկեղեցու մոտ քանդել են, քարերը դեն նետել և հայտնաբերած ոսկորներն էլ ցաքուցրիվ արել», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Ախալցիխեի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը:
Կատարվածի մասին հայտնել են տեղի պատկան մարմիններին: Պարզվել է՝ ճանապարհի շինարարությունն անօրինակ է:
«Տեղի պատգամավորը, քաղաքապետարանի աշխատակիցները և ազգությամբ հայ պաշտոնյաները խոստացան հարցին ամենաբարձր մակարդակով լուծում տալ», — ասում է Տեր Հակոբ աբեղա Սահակյանը:
Ինչպես գրում է Սամցխե-Ջավախքի լրատվականը, տվյալ գերեզմանատունը համարվում է Ախալցխայի ամենահին գերեզմանոցներից մեկը, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են հուղարկավորված, սակայն գորեզմանատունը հիմնականում հայկական է, ինչի մասին են վկայում բազմաթիվ հայկական տապանաքարերը։ Գերեզմանատունը գտնվում է հրեական գերեզմանատան հարևանությամբ։aliq.ge