Ջավախահայերը վրացերենի ուսումնասիրության դիլեմայի առաջ են կանգնել

Ջավախահայերը վրացերենի ուսումնասիրության դիլեմայի առաջ են կանգնել

Սամցխե-Ջավաքի հայերը դիլեմայի առաջ են կանգնած. նրանք իրենց մեկուսացված են զգում վրացական հասարակությունից, քանի որ չեն տիրապետում պետական լեզվին, սակայն միեւնույն ժամանակ այն սովորելու համար բավարար շահադրդում չունեն: Այս թեմայով հոդված է նախապատրաստել «Freedom & Democracy Watch» վրացական կայքը:

Ախալքալաքից լրագրողուհի Շուշաննա Շիրինյանն ամբողջ կյանքն ապրում է Վրաստանում, սակայն վրացերեն չի խոսում: Այդուհանդերձ, աշխատանքի բերումով այդ լեզուն նրան ամեն օր անհրաժեշտ է: «Ամբողջ պաշտոնական տեղեկատվությունը եւ նորությունների մեծ մասը փոխանցվում են վրացերենով, ուստի պետք է իմանալ լեզուն երկրոմ կատարվածին հետեւելու համար», -բացատրում է Շուշաննան:

Շիրինյանի խոսքով՝ նա հաճախել է կառավարության եւ տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված վրացերենի դասընթացների: Սակայն նա չի հավանում մեթոդաբանությունը: Նրա կարծիքով, եթե ինչ-որ մեկը իսկապես ցանկանում է սովորել վրացերեն, ապա պետք է անհատական պարապմունքների համար մասնավոր դասավանդող վարձել:

Սակայն տեղի բնակիչները տեսնում են, որ վրացերենի իմացությունը աշխատանքի տեղավորվելու համար պարտադիր հնարավորություն չի տալիս եւ շատ աշխատող մարդիկ ընդհանրապես վրացերեն չեն խոսում:

Ուստի որոշ մարդիկ կարծում են, որ վրացերենի մասնավոր դասավանդող վարձելը գումարի անիմաստ վատնում է, հատկապես եթե տվյալ պահին նրանք գործազուրկ են:

Ախալքալաքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանն ընդգծեց, որ կարեւոր է պետական լեզվով ազատորեն շփվելու կարողությունը, սակայն վրացական հասարակությանը ինտեգրվելու եւ դրա կողմից ներկայացված լինելու համար բավարար չէ դրանով խոսելը: «Թբիլիսիում հայերը նույնիսկ ավելի լավ են խոսում, քան որոշ վրացիներ: Սակայն նրանցից որեւէ մեկը կա՞ արդյոք քաղաքականությունում: Ոչ ոք: Նույն բանն է նաեւ այստեղ, այս տարածաշրջանում: Ուստի վրացերենի չիմացությունը մատնանշելու փոխարեն մենք պետք է ընդգծենք, որ եթե ինչ-որ մեկը գիտի պետական լեզուն, դա նրան հնարավորություններ է տալիս, նա կարող է դառնալ նախագահ կամ վարչապետ, աշխատել կառավարությունում եւ այսպես շարունակ: Սա կշահադրդրի մարդկանց», – հստակեցրել է պատգամավորը:

Ժամանակները փոխվում են, եւ նոր սերունդը, թվում է, ավելի շահագրգռված է պաշտոնական լեզուն սովորելու հարցում, քան նրանց ծնողները: Բացի այդ, կրթության նախարարությունը երկլեզու կրթական ծրագրի բարելավման պլաններ ունի՝ ոչ միայն հայ ուսուցչի կողմից վրացերենով, այլ նաեւ վրացերեն խոսող ուսուցիչներին աշխատանքի ընդունելու ճանապարհով, որպեսզի նրանք իրենց հայ գործընկերների հետ կողք կողքի աշխատեն:

Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting