ՀՀ-ի եւ Վրաստանի արդարադատության նախարարությունները հուշագիր են ստորագրել

ՀՀ-ի եւ Վրաստանի արդարադատության նախարարությունները հուշագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով` մարտի 6-7-ը, եղել է Վրաստանում, որտեղ Հայաստանի եւ Վրաստանի արդարադատության նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի արդարադատության նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին: Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են նոտարական համակարգի, իրավաբանական անձանց պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում:

Նախարարները, կարեւորելով հուշագրի ստորագրումը, փաստել են, որ այն վերջին 15 տարիների առաջին համատեղ ծրագրային փաստաթուղթն է: Առավել մեծ կարեւորություն է տրվել հուշագրից բխող ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ համատեղ աշխատանքային օրակարգի հաստատման պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում գործընկերները շեշտել են երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության կարեւորությունը, ինչը խթանելու է դատաիրավական ոլորտի զարգացումն ու դրա հետագա կատարելագործումը: Նախարարները գլխավոր առաջնահերթություն են համարել արդարադատության համակարգերում փորձի փոխանակումը՝ ընդգծելով բաց համագործակցության անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա պրակտիկայում բացառել միմյանց սխալների կրկնությունը:
Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting