Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ կայացել է միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը:
Խորհրդի անդամները քննարկել են արտակարգ դրության ավարտից հետո կառավարության որոշմամբ պահպանված մի շարք սահմանափակումների հարցը և համաճարակային դրությանը համապատասխան դրանց աստիճանաբար չեղարկման հնարավորությունները:
«Իշխանությունը գիտակցում է գործող սահմանափակումներով, հատկապես հասարակական տրանսպորտի երթևեկության դադարեցմամբ բնակչության համար ստեղծված բարդությունները և մեկ անգամ ևս պարզաբանում, որ նշված քայլերը ծառայում են քաղաքացիների առողջության համար վտանգներից առավելագույն խուսափելուն և կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից ունեցած դրական արդյունքների պահպանմանը»,- ասվում է վարչապետի մամլո ծառայության կողմից տարածված տեղեկության մեջ:
Բացի այդ, վարչապետը նշել է, որ ամեն բան պետք է արվի հասարակական տրանսպորտը անվտանգ և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար:
Այս պահի դրությամբ, կրկին ուժի մեջ է մնում կարանտինային ռեժիմը Թեթրիծղարոյի և Բոլնիսիի մունիցիպալիտետների երկու գյուղերում՝ Մուշևանում և Գետայում:
Ինչ վերաբերում է երկրի մասշտաբով տիրող համաճարակային վիճակին, այսօրվա տվյալներով, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսով վարակվելու 731 դեպք, այստեղից ապաքինվել է 526-ը: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել Վրաստանի երեք քաղաքացի: Մահացել է 12 մարդ: