Մարտի 11-ին՝ Մեծ պահքի Միջինքի օրը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն 4-րդ անգամ անցկացվեց «Հայկական գաթա» փառատոնը:
Փառատոնի մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով և ժամերգությամբ: Այնուհետև, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի կողմից օրհնվեցին բոլոր գաթաները, որից հետո հայկական տարազներով աղջիկները մատուցեցին ներկաներին: Եղան երջանիկներ, ովքեր իրենց բաժին գաթայում հայտնաբերեցին ավանդական մետաղադրամը, ինչը նշանակում է, որ տարին հաջողակ է լինելու վերջիններիս համար:
Փառատոնն իր շուրջն էր համախմբել Ջավախք աշխարհի տիկնանց, ովքեր ամենայն սիրով ու ջերմությամբ էին թխել միջինքի գաթաները: Նրանք առանձնահատուկ կերպով էին պատրաստվել ամենամյա դարձած փառատոնին: Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Ջավախքի շուրջ 11 գյուղեր, 10-ից ավելի կազմակերպություններ և 55 կանայք:
Տարեցտարի Փառատոնն ընդարձակում է իր սահմանները՝ տարածվելով նաև գյուղերում: Այն կանայք, որվքեր փառատոնին ներկայացել էին սեփական ձեռքերով թխած գաթաներով՝ նպաստելով հայկական մշակույթի տարածմանն ու զարգացմանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանից ստացան պատվոգրեր և խրախուսական նվերներ:
Արդեն չորս տարի շարունակ փառատոնին իր ներդրումն է բերում «Վաչիան» պարային համույթի ղեկավար Նասլեթ Քեյանը: Այս տարի ևս նրա սաներն իրենց ներկայությամբ, երգով ու պարով ամբողջական ու ներկայանալի դարձրին փառատոնը:http://jnews.ge/