24 տարի է, 77-ամյա Ֆլորա Վարդանյանն ամուսնու մահից հետո միայնակ է ապրում:
Ֆլորան երկու երեխա է լույս աշխարհ բերել, որոնք տարբեր արատներով են ծնվել և մահացել: – ”Որ երեխա ունենայի, էս օրը չէի ընկնի”,- անընդհատ կրկնում էր կյանքի մայրամուտն ապրող կինը:
Փոքր սենյակում դրված է մի մահճակալ և վառարան, որի շուրջը խառնիխուռն ընկած են փայտի կտորները: Սեղանի վրա՝ դեղորայք և ափսե: Գորշ պատեր, որոնք ամեն ինչ ասում են Ֆլորա Վարդանյանի անցկացրած օրերի մասին:
Վերջինս գոյատևում է 150 լարի կենսաթոշակի և բարեսիրտ մարդկանց ցուցաբերած օգնության հաշվին: Կենսաթոշակը բավարարում է միայն կոմունալ վճարումների և հանապազօրյա հացի համար: -”Գարնանը կարողանում եմ ինչ-որ կերպ ապրել, ձմռանը ստիպված պետք է իմ սենյակն ինչ-որ կերպ տաքացնեմ, թոշակս չի հերիքում”,- պատմում է Ֆլորան:1991-ից մինչ օրս Ֆլորան Աստծո յուրաքանչյուր լուսաբաց միայնակ է դիմավորում և ինքն իր հետ խոսում: Արդյունքում իրեն-իրեն խոսելով ման է գալիս՝ անտեսելով մարդկանց ներկայությունը:Տարիներ շարունակ ապրելով միայնակության դառնությունը՝ նա չի կորցրել մարդկանց հանդեպ բարի ու ջերմ վերաբերմունքը: Ամեն կիրակի այցելում է Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցի և աղոթում ոչ միայն իր, այլև բոլորի համար:http://jnews.ge