Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի քաղաքացիական արարքի մասին գրառումները «ողողել» են Facebook-ի վրացական հատվածը։ Ականատեսները նշում են, որ նախագահի ավտոշարասյան անցնելու պահին նրա մեքենայի կողքին սայթաքել և ընկել է մի տարեց կին։ Շարասյունը կանգնել է, նախագահը դուրս է եկել մեքենայից, օգնել տիկնոջը, նստեցրել տաքսի, վճարել և միայն դրանից հետո շարունակել ճանապարհը, գրում է apsny.ge-ն։
«Առավոտյան՝ աշխատանքի գնալիս, հաճելի փաստի ականատես եմ եղել։ Կարելի է ասել՝ ոչ բնորոշ վրացի քաղաքական գործիչներին և անսպասելի ու զարմանալի վրացիների համար։ Անցնում էի Թաբիձե կամրջով և տեսա, որ հակառակ կողմում տարեց մի կին սայթաքեց և ընկավ։ Այդ պահին նրա կողքին ոչ ոք չկար։ Ես նույնպես հեռու էի, սակայն նույն պահին շտապեցի դեպի նա։ Մինչ անցնում էի կամուրջը, անսպասելիորեն իմ առջև կանգնեցին 2 արագ ընթացող ջիփ մեքենաներ, և, բառի բուն իմաստով, նրանցից մեկի միջից դուրս եկավ նախագահ Մարգվելաշվիլին, օգնեց կոջը կանգնել, խոսեց նրա հետ, այնուհետև նստեցրեց տաքսի, վճարեց և շատ արագ վերադարձավ մեքենա։ Ես չհասցրի ոչ միայն կամուրջն անցնել, այլև ուշքի գալ»,- գրել է դեպքի ականատես Ուչա Դարախվելիձեն։
Նույն դեպքի ականատեսներից մեկն էլ այսօր լուսանկար է հրապարակել, որում երևում են 2 կառավարական մեքենաները։ Նա նշել է, որ ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ նախագահին լուսանկարել չի հաջողվել։
Այս փաստն արժանացել է վրաց օգտատերերի մեծամասնության հավանությանը։ Շատերը գրում են, որ հպարտանում են իրենց նախագահի արարքով։
tert.am