Վրաստանյան «Մթավարի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիան անդրադարձել է հունիսի 12-ին Թբիլիսիում տեղի ունեցած հատուկ գործողությանը, որի ընթացքում հակաահաբեկչական ծառայությունները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ինգուշ Վասամբեգ Բոկովին: Գվարամիայի խոսքով` ձերբակալվածը Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի պատվերով պետք է ոչնչացներ լրագրող Գիորգի Գաբունիային: Պատճառը դեռևս նախորդ տարի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Գիրոգի Գաբունիայի` իր հեղինակային հաղորդման ընթացքում ՌԴ նախագահ Պուտինի հասցեին հայհոյանքներ հնչեցնելն էր:
«Վրաստանն այս մարդուն ձերբակալել է այլ պատճառով, սակայն Ուկրաինայի կողմից տեղեկություն ենք ստացել, որ նա Վրաստանում էր հենց Կադիրովի հրամանով` Գաբունիային հեռացնելու նպատակով»,- հայտարարել է Գվարամիան, ավելացնելով` «Մեզ հետապնդում է ոչ միայն մեր իշխանությունը, այլև գլխավոր թշնամին` Ռուսաստանը: Սա մի կողմից մեծ պատիվ է, միևնույն ժամանակ մեծ վտանգ»:
Գվարամիան, վերհիշելով նախորդ տարի լրագրողի սկանդալային դարձած եթերը, նշել է. «Չնայած նրան, որ այս հայտարարությունները արտասովոր էին, դրանք լիովին տեղավորվել են մեր լուսաբանման քաղաքականության մեջ` թե ՛ բովանդակությամբ, և թե ՛ ներկայացման տեսքով»,- նշել է Գվարամիան:
Նշենք, որ հայտարարությունից ժամեր անց տեղեկությունը տարածեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը: ՊԱԾ-ը հաստատել է, որ ձերբակալվածը Վրաստանում է եղել սպանության պատվերով: Հայտարության մեջ չեն, սակայն, մանրամասներ չեն ներկայացվում, թե կոնկրետ ում է ծրագրել սպանել ՌԴ քաղաքացին և ում պատվերով: ՊԱԾ-ը կոչ է անում քաղաքացիներին, հետաքննության շահերից ելնելով, զերծ մնալ ճշտված տեղեկություններ բարձրաձայնելուց:
aliq.ge