Նինոծմինդայի երկու բնակիչներ սնունդով այցելել են սոցիալապես անապահով Ադելինա Եսոյան ընտանիք և ցուցաբերել ֆինանսական օգնություն:
Ըստ Ադելինա Եսոյանի, Ռուսաստանում ապրող բարերարները, տեսել են «NOR » ռադիոյի կայքում տեղադրված նյութը և գումար են ուղարկել իրենց ընկերներին, ովքեր ապրում են Նինոծմինդայում, իսկ նրանք սնունդ ու գումար են փոխանցել Ադելինայի ընտանիքին:
«Ինձ համար այս օգնությունը մեծ նշանակություն ունի: Ես ապրում եմ երեք անչափահաս երեխաներիս հետ այն նպաստների հաշվին, որոնք ստանում եմ պետությունից: Այլ եկամուտ չունեմ: Ես չեմ կարող աշխատել, ես սահմանափակվում եմ 300 լարիով, որը փոխանցում է պետությունը : Նշեմ, որ ես օգնություն չէի խնդրել: Այս մարդիկ իրենք տեսել են մեր վիճակը և օգնության ձեռք մեկնել: Շատ զարմանալի է և միևնույն ժամանակ ուրախալի, որ կան մարդիկ, ովքեր առանց դիմելու օգնություն են ցույաբերում», – ասում է Ադելինա Եսոյանը:
Ի թիվս այլ բաների, Ադելինա Եսոյանը նշում է, որ անհրաժեշտ է ցանկապատել բակը, հին ցանցը արդեն անպետք է: Ադելինան վախենում է երեխաներին տնից դուրս հանել: Տունը գտնվում է մայրուղու կողքին, իսկ այստեղ ավտոմեքենաները շատ արագ են քշում: Ադելինայի ընտանիքի համար կարևոր է նաև ունենալ նոր հեռուստացույց, քանի որ հինը չի գործում:
Հիշեցնենք, որ Ադելինա Եսոյանը երեք անչափահաս երեխաների հետ ապրում է Նինոծմինդա քաղաքում, քաղաքապետարանի կողմից տրամադրված շենքում:
Ընտանիքի հայրը ՝ Արարատը, գտնվում է կալանքի տակ ՝ պատիժ կրելով կնոջը ծեծի ենթարկելու համար: Ընտանիքն ապրում է պետությունից ստացած 300 լարիով եւ ընտանիքը տարին մեկ անգամ 100 լարիի չափով օգնություն է ստանում Նինոծմինդայի քաղաքապետարանից:
Ադելին Եսոյանը երախտապարտ է բոլոր այն մարդկանց, ովքեր օգնում են իր ընտանիքին: