Հոկտեմբերը հաջողակ էր Գանձայի ըմբիշների համար

Հոկտեմբերը հաջողակ էր Գանձայի ըմբիշների համար

Գանձայի ըմբշամարտի դպրոցի սաները միշտ էլ աչքի են ընկել տարբեր մրցաշարերին իրենց ակտիվ մասնակցությամբ և ունեցած բազմաթիվ հաջողություններով:Պատանի ըմբիշների համար անցնող հոկտեմբերը նույնպես լի էր հաղթանակներով: Նրանցից աչքի ընկան հատկապես Նարիբեկ Հովհաննիսյանը և Հակոբ Պողոսյանը:

Հոկտեմբերի16-18-ին Օնիում տեղի ունեցավ օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Դավիթ Գոբեջիշվիլու անվան մրցաշարը, որին մասնակցում էին մինչև 20 տարեկան տիտղոսակիր ըմբիշներ Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Նարիբեկ Հովհաննիսյանը, լինելով պատանիների հասակի ըմբիշ (16 տ) մասնակցեց այս մրցաշարին 50 կգ քաշային կարգում: Մեր ըմբիշը առաջին երեք գոտեմարտը հաղթեց միավորների բացարձակ առավելությամբ: Եզրափակչում նա գոտեմարտեց Հայաստանը ներկայացնող փորձառու ըմբիշի հետ:Առաջին 5 րոպեի ընթացքում Նարիբեկը հաղթում էր 4:1 հաշվով, 6-րդ րոպեին հայաստանցի ըմբիշը խախտում թույլ տվեց՝ բռնելով Նարիբեկի մատներից, վերջինս էլ մինչ դատավորին մատնացույց էր անում խախտումը, հայաստանցի մարզիկը խոշոր միավորանոց հնարք կատարելով միավորների առավելությամբ հաղթեց մեր ըմբիշին:Այսպիսով, Նարիբեկ Հովհաննիսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը, ինչը աննկատ չմնաց Վրաստանի ըմբշամարտի երիտասարդների հավաքականի մարզիչների կողմից, ովքեր էլ մեր ըմբիշին ընդգրկեցին հավաքականի կազմում: Ի դեպ, սեպտեմբերի վերջին Հայաստանում կայացած Թաթուլ Կրպեյանի անվան հուշամրցաշարին Նարիբեկ Հովհաննիսյանը 54 կգ քաշային կարգում ևս գրավել էր 2-րդ տեղը, այս անգամ եզրափակչում պարտվելով Եվրոպայի պատանիների չեմպիոնին:Ընդգրկվելով Վրաստանի ըմբշամարտի երիտասարդների հավաքականում՝ Նարիբեկ Հովհաննիսյանը իրավունք ստացավ մասնակցելու Իրանում կայանալիք միջազգային մրցաշարին, բայց, քանի որ դեպի Իրան տարանցիկ չվերթը լինելու էր Բաքվից, անախորժություններից խուսափելու համար նա չմեկնեց հավաքականի հետ: Փոխարենը Նարիբեկը կմասնակցի նոյեմբերի 12-ն Վլադիկավկազում կայանալիք ըմբշամարտի երիտասարդների միջազգային մրցաշարին: Նրա անձնական մարզիչ Ռուբեն Պողոսյանի խոսքերով սպասելիքները այս մրցաշարից այնքան էլ մեծ չեն, այնուամենայնիվ այս մրցաշարը լավ փորձ կլինի մարզիկի համար: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-5-ին Ամբրոլաուրիում անցկացված աշխարհի կրկնակի չեմպիոն Գուրամ Սախարաձեի անվան մրցաշարին Գանձայի ըմբշամարտի դպրոցի մեկ այլ սան Հակոբ Պողոսյանը իրեն փայլուն դրսևորելով35 կգ քաշային կարգում գրավեց 2-րդ տեղը:
Էլմիրա Աբգարյան



Opinion, pooling and voting