Հունիսի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլո էին դիմել Կաթնատու գյուղի բնակիչները իրենց գյուղի հողատարածքների և արոտավայրերի կոորդինատները հստակեցնելու համար:
Ծնունդով Կաթնատու գյուղից Արայիկ Բդոյանի խոսքով, անհրաժեշտ է կատարել հողատարածքների հստակեցում: Կաթնատուի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Բնակիչներից շատերը չեն կարողանում գնալ արտագնա աշխատանքի և զբաղվում են գյուղատնտեսությամբ ու ցանկանում են իմանալ իրենց գյուղի սահմաններն ու հողատարածքների կոորդինատները:
Արայիկ Բդոյանը նշեց, որ սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանի հետ հանդիպմանը խնդրել են, որ կադաստրային միջոցառումների մասնագետը տեղում հստակեցնի հողերի կոորդինատները, իսկ հետո ընդհանուր համաձայնության գան այն հողատերերի հետ, որոնց հետ սահմանակից է Կաթնատու գյուղը:
Կաթնատու գյուղում ապրում են 65 ընտանիք, իսկ գյուղի ամբողջական տարածքը կանաչ տարածքների և արոտավայրերի հետ միասին վերցված կազմում է 1277,49 հեկտար, որից 200,99 հեկտարը՝ բաժին է հասնում վարելահողերին, 163 հեկտարը՝ խոտհարքի հողերին, իսկ 634 հեկտարը՝ արոտավայրին, իսկ 108,25 հեկտարը՝ տնամերձ հողամասերին:
Վերջին ժամանակները մունիցիպալիտետի տարբեր գյուղերի բնակիչներ բողոքով դիմում են տեղի ղեկավար մարմիններին հողատարածքների խնդրով: Ամեն անգամ խնդրի առաջացման պատճառ են դառնում արոտավայրերը կամ պետական հողատարածքները:
Խնդրի մասին մեզ մանրամասներ տրամադրեց ծնունդով Կաթնատու գյուղից Արայիկ Բդոյանը: