Լուսանակարը՝ արխիվից
Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, ըստ ֆինանսների նախարարի, ենթադրում է, որ ոչ միայն ՀՀ-ում բնակվող, այլ առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն՝ իրենց եկամուտների վերաբերյալ:
Սա նշանակում է, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք երկքաղաքացիներ են և ապրում են, օրինակ՝ Ռուսաստանում, ինչպես նաև որոնք ապրում են ՀՀ-ում, սակայն աշխատում են, օրինակ՝ Ռուսաստանում, պարտավոր են լինելու հայտարարագրեր ներկայացնել և վճարել եկամտային հարկ ՀՀ-ում, իսկ եթե արդեն վճարել են հարկը ՌԴ-ում, ուրեմն ՀՀ-ում պետք է վճարեն մեր և իրենց հարկման դրույքաչափի դրական տարբերության չափով:
Որպեսզի ամբողջությամբ հասկանալի լինի, դիտարկենք մեկ օրինակ՝ տղան մեկնել է ՌԴ աշխատելու (խոպան), ստացել է ՌԴ քաղաքացիություն և մնացել է այնտեղ ապրելու, սակայն պահպանվել է նրա ՀՀ քաղաքացիությունը:
Տղան գրանցված աշխատող չէ, աշխատում է որպես բանվոր, ամառանոցներ է կառուցում: Ամեն ամիս նա ուղարկում է Հայաստան անկանխիկ փոխանցումների միջոցով իր մորը 200 դոլար գումար:
Համաձայն եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի՝ և՛ տղան, և՛ մայրը պարտավոր են լինելու ներկայացնել հայտարարագրեր՝ բացահայտելով իրենց եկամուտները:
Մայրը տվյալ եկամտի գծով եկամտային հարկ չի վճարի, քանի որ նվիրատվությունը չի հարկվում, բայց տղան պարտավոր կլինի վճարել 22 տոկոս եկամտային հարկ 2021 թ. համար՝ ՌԴ-ում իր ստացած աշխատավարձից, իսկ եթե նա ՌԴ-ում վճարած լինի, օրինակ՝ 13 տոկոս հարկ, ապա ՀՀ-ում ստիպված կլինի վճարել 22-13=9 տոկոս եկամտային հարկ:
Հիշեցնեմ, որ 2017-2019 թթ. դեպի ՀՀ մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է տարեկան շուրջ 1.7-2 մլրդ. ԱՄՆ դոլար:
Նշված եղանակով այս համակարգի ներդրումը կարող է բերել ոչ լավ օրից իրենց տունը լքած, արտագնա աշխատանքի մեկնած, ՀՀ քաղաքացիությունը պահպանած մեր հայրենակիցների մոտ անարդարության զգացողություն և խիստ դժգոհություն:
Առկա է ռիսկ, որ կարող է սկսվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց, ինչը խիստ անցանկալի է մեր երկրի պարագայում:
Կոչ եմ անում իշխանություններին շատ զգույշ լինել այս հարցերում և հանրային լայն քննարկումից հետո միայն անդրադառնալ այս համակարգի ներդրմանը:tv9news.ge