Երբ կբացվի Ռուսաստան-Վրաստան սահմանը

Երբ կբացվի Ռուսաստան-Վրաստան սահմանը

Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը՝ Զուրաբ Աբաշիձեն, հույս ունի, որ մինչև օգոստոս նոր կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը Ռուսաստանում կբարելավվի, ինչը հնարավորություն կտա բացել ցամաքային սահմանը՝ «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետով:

«Մենք խոսում ենք ռուսական կողմի հետ: Սահմանի բացումը կախված է համաճարակաբանական իրավիճակից: Լավ կլինի, որ օգոստոսին, ամռան վերջին, Ռուսաստանի հետ սահմանը բացեինք», – ասել է Աբաշիձեն շաբաթ օրը ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

«Կազբեգի – Վերին Լարս» վրաց-ռուսական սահմանի միակ ակտիվ անցակետն է: Այն փակվել է մարտի 16-ից՝ նոր կորոնավիրուսային վարակի պանդեմիայի պատճառով:

Ինչ վերաբերում է ավիահաղորդակցմանը, որն ընդհատվել էր գրեթե մեկ տարի, բայց մեկ այլ պատճառով, Աբաշիձեն հայտարարել է, որ վրացական կողմը պատրաստ է վերականգնել այն, հենց որ իրավիճակը թույլ տա:

«Այս ամբողջ ընթացքում մենք խոսել ենք այն փաստի մասին, որ վրացական կողմը պատրաստ է վերականգնել ուղիղ օդային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց հիմա մի իրավիճակում, երբ համավարակը դեռ չի ավարտվել, հավանաբար դեռ վաղ է այդ մասին խոսելը: Հենց իրավիճակը թույլ տա, վրացական կողմը պատրաստ կլինի ուղիղ չվերթներ վերսկսել դեպի Ռուսաստան: Բայց պատասխանը կախված է Ռուսաստանի որոշումից և համաճարակաբանական իրավիճակից», – ասել է Աբաշիձեն:

Օդային հաղորդակցությունն ընդհատվել էր անցած ամռանը, ըստ ռուսական կողմի որոշման՝ երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին, Թբիլիսիում հակառուսական կարգախոսներով բողոքի ցույցերի պատճառով: Ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ տեսանելի ապագայում հնարավոր է հաջողվի լուծել Վրաստան ավիաչվերթների հարցը: