«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը սկսել է վերանորոգման աշխատանքներ Նինոծմինդա քաղաքի Գայի փողոցում:
Ըստ նախագծի Գայի փողոցում նախատեսում է 370 մետրանոց ճանապարհահատվածի ասֆալտապատում, որը կունենա 240 մետր ջրահեռացման փոս:
Ներկայումս կառուցվում է բետոնե ջրահեռացման առվակներ, որից հետո կկատարվի ասֆալտապատում:
Արդյո՞ք ջրահեռացման առվակները կլուծի Կամո փողոցի թիվ 22 հասցեում բնակվող Լուսիկ Վարդանյան-Եղոյանի խնդիրը:Լուսիկ տատիկը երկու մուտք ունի դեպի բակ `ինչպես Կամոյի այնպես էլ Գայի փողոցից: Լուսիկ Վարդանյան-Եղոյանը բազմիցս բողոքել է, որ անձրևաջրերը լցվում են իր և իր հարևանի բակ:
Պատճառը ջրահեռացման առվակի բացակայությունն է: Իսկ տատիկի պարտեզով անցնող առվակը խցանված է: Տատիկն ու հարևանը խնդրում են քաղաքապետ Անիվարդ Մոսոյանից ուշադրություն դարձնել խնդրին և լուծել այդ խնդիրը:
«Ես 30 տարի բողոքում եմ, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում», – դժգոհում է Լուսիկ տատիկը: Լուսիկ տատիկի հարևանը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է թաղամասում և չի կարող կարտոֆիլ ցանել այն պատճառով, որ ջուրը հոսում է իր հողամաս և փչացնում ամբողջ բերքը:
Այս առիթով մենք դիմեցինք քաղաքապետարան, և պարզեցինք, որ նրանք արդեն զբաղվում են այս խնդրով, և այն նախագիծը, որը նախատեսնում է կառուցել ջրահեռացման առվակներ արդեն պատրաստ է: Ներկայումս նախագծի համար մրցույթ չի հայտարարվել, և երբ այն կհայտարարվի, դեռ պարզ չէ: