Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև:
Հայկական կողմին է հանձնվել 18 զոհերի մարմին, այս մասին ”Ռադիոլուրին” է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Իսկ թե քանի մարմին է հանձնվել ադրբեջանական կողմին, Բաբայանը հստակ թիվ չի նշել: Փոխանակման մասին լուրը հաստատել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մարմինների փոխանակման գործընթացն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության:
Ապրիլի 8-ից ղարաբաղաադրբեջանական սահմանին գործում է կրակի դադարեցման ռեժիմ` զոհվածների մարմինների որոնողական աշխատանքների կազմակերպման նպատակով:
Էլմիրա Աբգարյան.