Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին պարզաբանել է, թե չնայած փակված սահմաններին, որ դեպքում կարող են Ռուսաստանի քաղաքացիները մուտք գործել Վրաստան:
«Ցանկանում եմ ուշադրությունը բևեռել վերջին ժամանակներում տարածվող լուրերի վրա: Սոցիալական ցանցերում և մամուլում տարածվել է լրատվություն, իբր սահմանները բաց են: Շեշտը դրվել էր Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանի քաղաքացիները իրենց մեքենաներով մուտք են գործում Վրաստան: Ես ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ Վրաստանի սահմանները փակ են բոլոր ուղղություններով, ինչպես մեր հարևան երկրների, այնպես էլ Ռուսաստանի հետ: Սահմանը բացվում է միայն այն դեպքում, եթե երկիր է մուտք գործում մեր քաղաքացին: Երկիր մտնելուց հետո նրանք անցնում են 14 օրյա կարանտին: Դրանք հիմնականում երկքաղաքացիություն ունեցող անձիք են: Ինչպես գիտեք Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ ունեն նաև Ռուսաստանի քաղաքացիություն: Մենք իրավունք չունենք նրանց արգելել մուտք գործել երկիր: Հաճախ կան նաև դեպքեր, երբ ընտանիքի անդամներից մեկը Վրաստանի քաղաքացի է, իսկ մյուսը ոչ, մենք չենք կարող նրանց արգելել մուտք գործել Վրաստան: Օրինակ, եթե ծնողներն ունեն երկքաղաքացիություն, իսկ երեխան ոչ, մենք չենք կարող երեխային ետ ուղարկել»,- ասել է Գոմելաուրին:
Ըստ նրա, Վրաստանում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր մինչ համավարակի տարածումը մնացել են Վրաստանում: