Եվրամիությունն այսօրվանից բացում է սահմանները Վրաստանի հետ

Եվրամիությունն այսօրվանից բացում է սահմանները Վրաստանի հետ

Այսօրվանից ԵՄ անդամ երկրները բացում են իրենց սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար: Սահմանափակումները հանվելու են նաև Վրաստանի քաղաքացիների համար, քանի որ Եվրամիությունը Վրաստանին ճանաչել է որպես անվտանգ երկիր:

«ԵՄ անդամ երկրները շուտով  համապատասխան չափորոշիչներ կտրամադրեն անվտանգ ցուցակի մեջ գտնվող երկրներին, որպեսզի երկու ուղղությամբ էլ քաղաքացիները անվտանգ տեղափոխվեն», — ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Վրաստանից բացի, Եվրամիությունը կբացի սահմանները նաև Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Ճապոնիայի, Չեռնոգորիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Սերբիայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի և Ուրուգվայի համար:

Համաձայն Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի՝ օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը Վրաստան նույնպես պետք է հուլիսի 1-ից վերսկսեր: Անցյալ շաբաթ, սակայն, հայտարարվեց, որ կանոնավոր չվերթները հետաձգվելու են մինչև օգոստոսի 1-ը: Դրա պատճառը, ըստ վրացական կառավարության, մի շարք երկրներում համաճարակային իրավիճակի վատթարացումն է:

Aliq.ge