Թբիլիսիի հայկական թատրոնը «Արտավազդ» մրցանակ է ստացել

Թբիլիսիի հայկական թատրոնը «Արտավազդ» մրցանակ է ստացել

Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա մրցանակաբշխության ընթացքում այս տարի ևս հնչեց Վրաստանի հայկական թատրոնի անունը: Մարիա Լադոյի «Սովորական պատմությունը»` Արմեն Բայանդուրյանի բեմադրությամբ` ժյուրին ճանաչեց որպես տարվա լավագույն երիտասարդական ներկայացում:

Թվով չորրորդ «Արտավազդն» իր պատվավոր տեղը գտավ Թբիլիսիի հայկական դրամատիկականի մյուս մրցանակների շարքում: «Արտավազդ 2016»-ն այս տարի նվիրվեց Հայաստանի թատերական գործիչների միության 75 -ամյա հոբելյանին : Հայ թատերարվեստի բարձրագույն մրցականին արժանանալու հայտ էին ներկայացրել Հայաստանի գրեթե բոլոր թատրոնները: Թբիլիսիի թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման բեմադրիչ Արմեն Բայանդուրյանն «Արտավազդը» համեմատում է «Օսկարի» հետ` ասելով` մենք էլ հայկական օսկար ստացանք.
«Շատ պատասխանատու ներկայացում էր մեզ համար, մասնակցում էին բոլոր թատրոնները, և մեր երիտասարդ դերասանների համար շատ կարևոր էր հենց երիտասարդական մրցանակ ստանալը : Այս հաղթանակը վիրահայերինն է` մեր եկեղեցու, մեր գրականության , մեր երաժշտության, մեր թատրոնի»:

«Սովորական պատմությունը» պատմում է կյանքի մասին, մարդկանց քնահաճություններին և ոչ մարդկային վերաբերմունքին դիմացող կենդանիները փորձում են արդարացում գտնել մարդու համար: Կենդանին զարմացած է `մարդու ապրելակերպից ու արարքներից: Ինչպես կարելի է ունենալ չափից շատ անպետք իրեր, բայց հրաժարվել ամենաթանկից` օրինակ ապագա փոքրիկից: Մարդկային բարդ հարաբերությունների, ոխերիմ թշնամության ֆոնի վրա և տարբեր համեմատությունների մեջ կենդանական աշխարհն այնքան մաքուր է թվում: Առանցքային կերպարներից մեկը ` խոզն է, որին մարմնավորել է երիտասարդ դերասանուհի Նանա Պողոսյանը.

«Դերս խոզի կերպար է, որն ի վերջո հրեշտակ է դառնում և բացատրում է մարդկանց, որ տեսք, մարդիկ, դուք պետք է մարդ լինեք և ոչ կենդանի, որովհետև մեր կյանքում հաճախ կենդանիները մարդկանցից մաքուր են, և կենդանիներն են ի վերջո հրեշտակներ և ոչ մարդի, մենք պետք է սթափ լինենք և ապրենք մեր կյանքում այնքան մաքուր ու պարզ, որ մենք ել դառնանք հրեշտակ»:

Ադամյանցիների հաղթանակը անտաբեր չի թողել նաև Վիրահայոց թեմին, թեմակալ առաջնորդը այցելեց թատրոն` շնորհավորելու ստեղծագործական կազմին` ինչպես հերթական ձեռքբերման, այնպես էլ Զատկական տոնի կապակցությամբ: Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը այս պարգևը համարում է բոլոր վիրահայերինը.

«Շենքային պայմանները կարևոր են, բայց մինչև մեր ուզած պայմանների լինելը, թատրոնի անձնակազմը կարողանում է այսպիսի հաջողություններ արձանագրել: Սա միայն թատրոնի հաջողությունը չէ, սա մեր բոլորի հաջողությունն է: Հազարամյակների պատմություն ունեցող թատրոնը շարունակում է գործել: Մայր հայրենիքում դա հեշտ է, բայց հայրենիքից դուրս` դժվար: Բայց քանի որ վրաց իշխանությունները հնուց ի վեր մեր թատրոնին պետական կարգավիճակ են տվել, սա նշանակում է, որ մենք կարող ենք մի փոքր հանգիստ լինել , քանի որ պետական մոտեցումը երաշխիքն է մեր թատրոնի լավ ներկայի և գեղեցիկ ապագայի»:

Սրբազանը հետաքրքրվեց Հայոց թատրոնի` առաջիկա և հետագա ծրագրերով, հարցրեց վերանորգման ընթացքից, տեղեկացրեց, որ Վրաստանի վարչապետի` Զատկական տոնի առիթով Սուրբ Գևորգ եկեղեցի այցի ընթացքում նրանք անդրադարձել են այս հարցին, Կառավարության ղեկավարը կարևորել է թատրոնի դերն ու անհապաղ վերանորգման անհրաժեշտությունը:

Սրբազանը կարևորեց նաև թատրոնին կից գործող թատերական ստուդիայի գործունեությունը` տաղանդավոր արվեստագետների բացահայտելու հարցում: թեմի առաջնորդը առաջարկեց թատրոնին` ստանձնել Սայաթ -Նովային նվիրված` «Վարդատոնի» կազմակերպման գործը, նաև խոստացավ` հնարավորության դեպքում երկրից դուրս հյուրախաղերի կազմակերպման գործում աջակցել թատրոնին:

«Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակներում` երկարամյա գործունեության և թատերական աշխարհին մեծ նվիրումի համար Թբիլիսիի հայկական թատրոնի դիմահարդար Ռոմա Նուրալյանը, ով կյանքի 60 տարիները նվիրել է թատրոնին, ստացավ Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալ:

Հայոց թատրոնի առաջիկա ծրագրերում ամառային հյուրախաղերն են` պատմական հայրենիք, ինչպես նաև Ն. Դումբաձեին նվիրված` Թատերական փառատոնի մասնակցությունը, և ամենասպասված` 160-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնք հույս ունեն անց կացնել հարազատ` արդեն վերանորոգված հարկի տակ:

http://www.aliq.ge/



Opinion, pooling and voting