Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել, որոնցից 6-ը՝ միջազգային բեռնափոխադրում իրականացնող վարորդների մոտ:
Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
«8 պացիենտներից մեկը հաստատված դեպքի կոնտակտ է, մնացած 7-ը բերված դեպքեր են, որոնցից 6-ը բեռնատար մեքենաների վարորդներ են, մեկն՝ այլ քաղաքացի», — ասել է Էզուգբայան:
4 վարակակիրները հոսպիտալացվել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրանցից երկուսը Ադրբեջանի, 1-ը՝ Բելառուսի քաղաքացի է:
«Բոլոր 4 տղամարդկանց մոտ սահմանը հատելու ընթացքում բարձր ջերմություն է նկատվել, նրանք կլինիկա են տեղափոխվել: Տեղում արագ թեստերը հաստատել են վարակը»:
Ըստ Վրաստանում գործող կարգի՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվողները Վրաստանի սահմանին արագ թեստ են անցնում: Դրական արդյունքի դեպքում նրանց հիվանդանոց են ուղարկում՝ PCR թեստավորման:
Միջազգային բեռնափոխադրողները դարձել են երկիր վարակի թափանցման գլխավոր աղբյուրը: Միայն հունիսին վարակ է հաստատվել 30 վարորդի մոտ: Հիշեցնենք, որ նրանց թվում նաև Հայաստանից Վրաստան եկած վարորդներ կան: Հունիսի 27-ին վարակ էր հաստատվել ՀՀ-ից եկած 2 վարորդի մոտ:
Փետրվարի 26-ից հուլիսի 2-ը Վրաստանում լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կորոնավիրուսի 939 դեպք, որոնցից 15-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 817 մարդ: Սա ընդհանուր վարակվածների 87%-ից ավելին է: Վրաստանի քովիդ-կենտրոններում շարունակում է մնալ 107 մարդ: Կարանտինում 3 080, բժիշկների հատուկ հսկողության տակ՝ 242 քաղաքացի է:
Այսօրվա դրությամբ 113,1 հազար մարդ է թեստավորվել: Արված PCR թեստերի քանակը 117,7 հազար է: