Աշխարհում թևածող համաճարակի պատճառով շատ երկրներ հայտարարեցին կարանտին, սահմանեցին երկիր մուտքի ու ելքի արգելք։ Աշխարհում բազմաթիվ մարդիկ դարձան գործազուրկ, այդ թվում՝ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր մեկնում էին արտագնա աշխատանքի տարբեր երկրներ։
Տեղայնացնելով խնդիրը նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի արտագնա աշխատանքի մեկնող բնակիչները նույնպես դարձան գործազուրկ։ Հարց է ծագում՝ ինչո՞վ են զբաղվում նրանք։
Նրանցից շատերը մնալով տանը հիմնականում զբաղված են
իրենց բնակարանների վերանորոգմամբ. 《 Խոպան չենք կարող գնալ գոնե մի քիչ կարգի բերենք մեր իսկ բնակարանները՝ թե չէ ուրիշ աշխատանք չկա, իսկ աշխատող մարդը քուն ու դադար չունի》,– ասաց բնակիչներից մեկը։
Մարդիկ նշում են, որ չնայած փողի սակավ լինելուն բնակարանի վերանորոգումը անհրաժեշտ է. 《 Այո փողը քիչ է, բայց բնակարանը վերանորոգելու դեպքում, ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ ոտքերս լարում ենք կարպետի գորա》։
Թերևս ոչ բոլորը ունեն բնակարանները վերանորոգելու հնարավորություն, բայց խոպանչիները ձեռքերը ծալած չեն նստում։ Նրանք զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ Այստեղ կանայք կես կատակ կես լուրջ նշում են, որ իրենց բախտը բերել է, քանի որ տղամարդիկ տանն են և իրենց ուսերին ընկած ծանր բեռը թեթևացել է։ Ոմանք էլ նշում են.《 Առանց խոպանի եկամուտի ապրելը շատ դժվար է, լավ կլիներ սահմանները բացվեին և տղամարդիկ գնային աշխատանքի։ Նորություն չէ, որ մեր շրջանի կանայք միշտ էլ տան հոգսերը խոպանի սեզոնին միայնակ են տարել։ Թող ճանապարհները բացվեն, թող տղամարդիկ գնան աշխատանքի մնացածը մենք յոլա կտանենք》 -նշում են կանայք։
Հարց է ծագում. ե՞րբ կբացվեն ճանապարհները, կբացվե՞ն թե ոչ…
Հուլիսն է, արդյո՞ք ճանապարհները բացվելուց հետո խոպանչիները կմեկնեն արտագնա աշխատանքի և արդյո՞ք ամառվա կեսին նրանց պահանջարկն ու տեղը կա տվյալ երկրում որտեղ որ պետք է աշխատեն, հարցերի պատասխանը տալիս են խոպանչիները. 《Չգիտեմ ճանապարհները երբ կբացվեն, բայց երբ էլ բացվեն անպայման կմեկնեմ աշխատանքի, թեկուզ աշնանը։ Կգնամ ձմռանը կմնամ կաշխատեմ։ Ովքեր ունեն մշտական և վստահելի աշխատատեղ և միշտ նույն տեղն են մեկնել, կարծում եմ նրանք խնդիր չեն ունենա, իսկ ովքեր պետք է գնան և փնտրեն աշխատանք՝ նրանց դեպքում խնդիրը այլ է, դժվար է ամառվա կեսին համապատասխան տեղ և աշխատանք գտնել》,– ասաց ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող բնակիչը։
Չնայած այս դժվարին ժամանակահատվածում՝ բնակիչները չեն հուսահատվում, գիտակցելով, որ ամեն ինչ լավ կլինի։ Այսպիսին է ստեղծված իրավիճակի նկարագիրը։