Սպիտակ տան խոսնակն անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.

Սպիտակ տան խոսնակն անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.

Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանին, հուլիսի 6-ին դատապարտելով երկրով մեկ հուշարձանները պղծող ցուցարարներին, վկայակոչել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ հնչեցնելով դրա իրական անունը: Այսպիսով, Սպիտակ տան խոսնակն անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է The Washington Post-ը:

«Կարծեք՝ գիտակցման և պատմական գիտելիքների պակաս կա, երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ ի հիշատակ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ նաև ստրկության զոհերի»,- ասել է Մաքենանին։Սպիտակ տան խոսնակի այս հայտարարությունը վերաբերում է մի քանի շաբաթ առաջ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում Կապիտոլիոլի մերձակայքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծմանը։

«Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել հրաժարվելուց տասնամյակներ հետո, քանի որ դա կվաներ Թուրքիային, Սպիտակ տունը երկուշաբթի օրը հիշատակեց այդ տերմինը՝ թեկուզ և ոչ ուղիղ կերպով»,- նշվում է հոդվածում:

Հոդվածի հեղինակի խոսքով, Թրամփի վարչակազմը, ինչպես և Բարաք Օբամայինը, խուսափում է ճանաչել ցեղասպանությունը: Եվ երբ անցյալ տարի Կոնգրեսի երկու պալատների ճնշող մեծամասնության կողմից ցեղասպանությունը խորհրդանշական կերպով ճանաչող օրինագծեր ընդունվեցին, Թրամփը հրաժարվեց դրանք ստորագրել, իսկ Պետդեպարտամենտն առարկությամբ հանդես եկավ՝ հայտարարելով, որ այդ քայլը չի բխում ԱՄՆ քաղաքականությունից։

The Washington Post-ը նաև նշում է, որ Սպիտակ տունը պնդելու է, որ Մաքենանին պարզապես հիշատակել է հուշահամալիրի իրական անունը, բայց նույնիսկ այդ անվան օգտագործումը Սպիտակ տանը երկար տարիներ նպատակահարմար չի եղել։

1in.am