Վերջին երկու օրերին Ախալքալաքում եւ Նինոծմինդայում լուրեր են շրջանառվում, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից որպես մեծամասնական պատգամավորության թեկնածու Հենզել Մկոյանի փոխարեն առաջադրվելու է Սամվել Մանուկյանը, ով խորհրդարանում է հայտնվել «Վրացական երազանքի» կուսակցական ցուցակներով:
Տարածված տեղեկությունները ճշտելու համար Jnews-ը դիմել է «Վրացական երազանք» – ի կուսակցության գլխավոր գրասենյակ, այնտեղից հայտնել են, որ առաջիկայում պաշտոնապես կհայտարարեն սպասվելիք փոփոխությունների մասին։
Սամվել Մանուկյանը, ով 2016 թվականին խորհրդարան է մտել «Վրացական երազանք» կուսակցական համամասնական ցուցակով, զերծ է մնացել մեկնաբանությունից։
Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանն ասել է.
«Այս տեղեկությունները ով է տարածել, ես չգիտեմ, դեռ այդ հարցը որոշված չէ, դրա համար ժամանակ կա: Ժամանակը, որ գա մենք Ձեզ կհայտնենք», – ասել է նա:
Սակայն վստահելի աղբյուրները հաստատում են այն տեղեկությունները, որ այս տարի Հենզել Մկոյանը չի ներկայացվի որպես մեծամասնական թեկնածու, փոխարենը «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրելու է Սամվել Մանուկյանի թեկնածությունը։
Նշենք, որ Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում ազգությամբ հայ 3 պատգամավոր կա։ Երեքն էլ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից են՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը: