Թբիլիսիի ջրամբարում, որն ավելի հայտնի է որպես Թբիլիսյան ծով, արգելող ու զգուշացնող նշաններ են տեղադրվելու․ հայտնել է փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն։
Ջրամբարը 9 կմ երկարություն ու 1,85 կմ լայնություն ունի։ Խորությունը 45 մետր է։ Այստեղ են լցվում Իորի և Արագվի գետերի ջրերը։ Բացի այն, որ այստեղից է իրականացվում մայրաքաղաքի ջրամատակարարումը, Թբիլիսիի ծովը մայրաքաղաքի բնակիչների հանգստի սիրելի վայրերից է։ Ափի երկայնքով հյուրանոցներ, ռեստորաններ, ժամանցի գոտիներ են գործում։
Վերջին 5 տարվա ընթացքում ջրամբարում լողալու ընթացքում 30-ից ավել մարդ է խեղդվել, որոնցից 10-ը՝ անչափահաս։
Օրերս՝ հուլիսի 21-ին, ջրում միանգամից 2՝ մինչև 15 տարեկան դեռահաս է խեղդվել։ Տղաների մարմինները ջրասուզակներն են ափ հանել։ Այս դեպքերը լուրջ դժգոհությունների ալիք են բարձրացրել սոցցանցերի Վրաստանի հարթակներում։
Արդյունքում քաղաքապետարանը սկսել է ջրամբարի տարածքում նոր սահմանափակումների, նաև սանիտարական նորմերի պահպանման պլան մշակել։
Նշված տարածքում զգուշացնող և «Լողալն արգելվում է» նշանների տեղադրման նախաձեռնության հեղինակները «Ժողովրդի համար» շարժման ղեկավար Աննա Դոլիձեն և իրավաբան Ալեկո Ցկիտիշվիլին են։ Նրանք այդ պահանջով քաղաքապետարան են դիմել՝ «Լողա ապահով» արշավի շրջանակում։ aliq.ge