Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական որոշ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունը Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանը հօգուտ Թուրքիայի վերանայելու մասին:
Ապրիլի 27-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ Թուրքիայի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել, որ Վրաստանը Թուրքիային է փոխանցելու մոտ 6 հեկտար վիճելի սահմանամերձ տարածքը Արդահանի գավառի շրջանում: Այս տեղեկությսն սկզբնաղբյուրը թուրքական Sabah-ն էր:
Ըստ Վրաստանի ԱԳՆ պարզաբանման, Թուրքիայի միջև Վրաստանի սահմանը հաստատվել է 1973թ.: Հատվածներից մեկում սահմանն անցնում է Ջաղիսծղալի գետի հունով: Վերջին 40 տարում հունը 2 հատվածներում փոխվել է: Ըստ այդմ կողմերը որոշել են վերադարձնել գետի հունը, այսինքն սահմանի հատվածը, նախկին տեղը: 2016թ. ապրիլի 20-ին վրացի և թուրք փորձագետները զննել են և նշել են հստակ կոորդինատները գետի հունը նախկին տեղը վերադարձնելու համար, ըստ 1973թ. քարտեզի պաշտոնական սահմանազատման: Հունի տեղափոխման աշխատանքներն իրականացնում է թուրքական կողմը, հայտնում է newsgeorgia.ge-ն:
“Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանազատման աշխատանքներն ավարտվել են ԽՍՀՄ տարիներին` 1970-ական թթ.: 1992թ. կողմերը ճանաչել են համաձայնեցված սահմանագիծը: Ելնելով դրանից` սահմանի և դրա փոփոխության վերաբերյալ ցանկացած բանակցություն կամ համաձայնություն բացառվում է”,- ասվում է Վրաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է այդ գերատեսչության կայքում:
Էլմիրա Աբգարյան