Ռուսաստանի կողմից բոլոր երկրների հետ միջազգային ավիահաղորդակցությունը օգոտոսի 11-ից բացելու հարցը քննարկվում է, բայց առայժմ վերջնական որոշում չի ընդունվել, ՏԱՍՍ-ին հայտնել են ավիաոլորտի երկու աղբյուր:
«Քննարկվում է օգոստոսի 11-ից բոլոր երկրներ թռիչքները սկսելու հարցը»,- հայտնել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Երկրորդ աղբյուրի խոսքով՝ այդ գաղափարն իսկապես քննարկվել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ: Այսօրվանից Ռուսաստանը միջազգային ավիահաղորդակցությունը մասնակի վերականգնել է միայն 3 երկրների հետ՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի: Բացվել է նաեւ Ռուսաստանի եւ Աբխազիայի սահմանը:
Նոր կորոնավիրուսային ինֆեկցիան Ռուսաստանի տարածք բերելու եւ տարածելու կանխման հարցերով օպերատիվ շտաբը նախօրեին հայտնել էր, որ մշակվում է երկրների ընդլայնման հարցը, որոնց հետ միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել:
Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի հետ միջազգային ավիահաղորդակցության վերականգնումը՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ թռիչքները վերականգնվելու են փոխադարձության պայմաններում:
Հուլիսի 1-ից Եվրամիությունը պաշտոնապես սկսել էր արտաքին սահմանները բացելու գործընթացը: 14 պետությունից կազմված առաջին ցուցակը (ավելի ուշ կրճատվել էր մինչեւ 12) Եվրոպական խորհրդում համաձայնեցվել էր հունիսի 30-ին, Ռուսաստանը ցուցակի մեջ ներառված չէր: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, թարմացված «սպիտակ ցուցակը» մոտակա օրերին հրապարակվելու է Բրյուսելում, հաջորդ անգամ այն վերանայելու են արդեն օգոստոսի կեսին: Եվրոպական խորհրդում Եվրամիության երկրներից մեկի պատվիրակությունում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ հնարավոր է՝ Ռուսաստանը դարձյալ ցուցակի մեջ չներառվի:
Մինչդեռ Ավստրիան հուլիսի 31-ին 18 երկների, ներառյալ Ռուսաստանի հետ կանոնավոր ուղեւորատար ավիափոխադրումների արգելքը հանել էր՝ թողնելով մուտքի սահմանափակումները (պարտադիր կարանտին եւ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայություն):
Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով ամբողջությամբ փակել էր կանոնավոր եւ չարթերային միջազգային ավիահաղորդակցությունը, փոխադրողները կարող էին չվերթներ կատարել միայն ուղեւորներին տուն վերադարձնելու համար: Ռուսաստանի կառավարությունը հանձնարարել էր նաեւ մարտի 30-ից ժամանակավորապես սահմանափակել երթեւեկը ավտոմեքենաներով, երկաթուղով, հետիոտն եւ ՌԴ պետական սահմանի այլ անցակետերով:
News.am