Վրացական կառավարությունը շարունակում է բանակցությունները տարբեր ավիաընկերությունների հետ ոչ միայն օգոստոսին, այլեւ սեպտեմբերին չվերթները վերսկսելու վերաբերյալ, միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, հայտնում է Sputnik-Georgia- ն:
Կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ Վրաստանը փակել էր իր սահմաններն օտարերկրացիների համար` բացառությամբ հատուկ դեպքերի, եւ դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր ուղղություններով: Համավարակի ընթացքում արտաքին գործերի նախարարությունը` արտասահմանում երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին, ապահովեց համաքաղաքացիների փուլային վերադարձը հատուկ չվերթներով: Չարտերային չվերթներն իրականացնում էր վրացական Georgia Airways ավիափոխադրողը:
«Մենք շարունակում ենք բանակցություններն այլ ընկերությունների հետ ոչ միայն օգոստոսի, այլեւ սեպտեմբերի մասին: Մենք հետզհետե կբացենք հնարավոր այլ երթուղիները, իհարկե` հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը»,- ասել է Տուրնավան:
Քառամսյա ընդմիջումից հետո Վրաստանը բացել է իր սահմանները հինգ երկրների համար, որոնց քաղաքացիներին հնարավորություն է տրվում անվերապահ մուտք գործել երկիր: Դրանք են Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան:
Գերմանական Lufthansa ավիաընկերությունն առաջինն է վերսկսել կանոնավոր թռիչքները դեպի Վրաստան օգոստոսի 2-ին: Օգոստոսի 8-ից Air France-ը կսկսի կանոնավոր թռիչքներ իրականացնել Թբիլիսիի եւ Փարիզի միջեւ:
Ռիգան երրորդ միջազգային ուղղությունն է, որի հետ օգոստոսի 5-ից կվերսկսվի կանոնավոր օդային ուղեւորափոխադրումը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից: Թռիչքներն իրականացնում է լատվիական AirBaltic ավիաընկերությունը:
Բացի այդ, կոմերցիոն չարտերային թռիչքները կշարունակի իրականացնել Georgia Airways-ը: Օգոստոսին ընկերությունը կիրականացնի 16 չվերթ` մի փոքր ավել, քան` հուլիսին, հիմնականում` Վիեննայի եւ Ամստերդամի ուղղությամբ: Պարբերաբար կթույլատրվեն նաեւ այլ կոմերցիոն թռիչքներ` կարանտինային գոտիների ապահովմամբ:
News.am