Որոշ օտարերկրացիներ Վրաստանում կարող են մնալ մինչև տարեվերջ
Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք չեն կարող լքել Վրաստանը կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների պատճառով, իրավունք ունեն մնալ մինչև տարեվերջ: Կառավարությունը նախկին որոշման մեջ փոփոխություններ է կատարել: Հիշեցնենք` մարտի 14-ից օգոստոսի 31-ը արտոնյալ ռեժիմ էր սահմանվել այն հյուրերի համար, որոնք Վրաստանում կեցության իրավունք չունեն, ու երկրում գտնվելու օրինական ժամկետը սպառվել էր: Օգոստոսի 1-ից նրանց` Վրաստանում գտնվելը համարվում էր ապօրինի: Այժմ նոր փոփոխություններով մարտի 14-դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կարող են գտնվել այն օտարերկրացիները, որոնց Վրաստանում գտնվելու իրավունքը վերացել է, սակայն
նրանք այն երկրի քաղաքացի են, որը կորոնավիրուսի տեսանկյունից ռիսկային գոտում է, կամ պետությունը մուտքը երկիր սահմանափակել է,
տվյալ անձինք հիվանդանոցում են, կարանտինում կամ ինքնամեկուսացման ռեժիմում,
երկիր վերադառնալու համար նրանց խանգարում է ավիահաղորդակցության բացակայությունը:
Ըստ Վրաստանի օրենքի` երկրում գտնվելու օրինական ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին պարտավոր է լքել Վրաստանը, հակառակ դեպքում քաղաքացուն սպառնում է տուգանք կամ վտարում` 2-5 տարի մուտքի արգելքով: Նման որոշում ընդունում է Ներքին գործերի նախարարությունը. յուրաքանչյուր դեպքի համար անհատական որոշում է կայացվում: Ինչ վերաբերում է տուգանքին՝ ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում տուգանքը 180 լարի է (մոտ 60 դոլար), որից հետո կրկնապատկվում է: