Դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք

Դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք` ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի մանրամասները տեղում պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ «akhaltskha.net», ապա նաև «jnews.ge» պարբերականները գրել էին այն մասին, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, ավանդական ջահերով երթից հետո, Ախալցիխեի շրջանի մի քանի գյուղերի երիտասարդներ Աբաթխեւ գյուղի սրբավայրի մոտ վեճի են բռնկվել երիտասարդների մեկ այլ խմբի հետ:

Ինչպես պազվել է ավելի ուշ, վերջինները հարևան Վալե քաղաքից են եկել եւ խնջույք են կազմակերպել սրբավայրի տարածքում` մինչ ջահերով երթի մասնակիցները հասել են Աբաթխեւ: Ըստ փոխանցվող տեղեկատվության` խնջույք կազմակերպողները ոչ սթափ վիճակում վեճի են բռնկվել հայ երիտասարդների հետ, սակայն հնարավոր է եղել խնդիրը տեղում հարթել և հեռանալ տարածքից:

Արդեն կեսգիշերին Ոստիկանությունը այցելել է ջահերով երթի մասնակիցների տներ և ոստիկանական բաժանմունք տարել միջադեպին ներկա գտնված հայ երիտասարդների: Պարբերականը գրում է, որ վիճաբանության մանրամասները պարզելու համար ոստիկանները ուժեղ ծեծի են ենթարկել տղաներին, ապա նաև ճնշման ներքո նրանց ստիպել են ասել, թե ծեծ չի եղել` ձայնագրելով այս ամենը:

Ըստ լրատվականի` 5 երիտասարդ ծեծի և ճնշումների է ենթարկվել, իսկ մի տարեց մարդու սպառնացել են, թե` եթե չպատմի կռվի մանրամասները, ապա իր աչքի առաջ նրանք բռնության կենթարկեն իր ընտանիքի անդամներին: Բացի այդ, ոստիկաններից մեկը անվայել և անհարգալից խոսքեր է ասել հայոց ցեղասպանության զոհերի հասցեին:

Տուժած երիտասարդները բողոքի հայց են ներկայացրել ոստիկանների և իրավապահ մարմինների դեմ` երկրի իշխանություններից պահանջելով պատժվել մեղավորներին` օրենքի ողջ խստությամբ: Ըստ «sknews.ge» կայքի` Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է ոստիկանների կողմից բռնության և ճնշումների մասին լուրերը:

Այսուհանդերձ, միջադեպը և դրան հաջորդող դեպքերը լուրջ հանրային արձագանք ստացան: Ախալցիխեի շրջանային ժողովը, ինչպես նաև Վրաստանի հայազգի պատգամավորները հանդես եկան հայտարարությամբ` ասելով, թե սա լուրջ վտանգ է հայ-վրացական բարեկամությանը, որը քանդելու իրավունք չունի ոչ ոք: Հայտարարության հեղինակները պահանջում են, որպեսզի մեղավորները հրապարակավ ներողություն խնդրեն, իսկ իրեն անվայել արտահայտություններ թույլ տված իրավապահ մարմնի աշխատակիցը ազատվի պաշտոնից, հակառակ դեպքում երիտասարդները պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել մայրաքաղաքում:

Մայիսի 2-ին, Վրաստանում ՀՀ դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ.

«Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող` տեղական Ոստիկանության գործողություններից: Դեսպանությունն արդեն իսկ կապվել է Վրաստանի համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար: Դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր` խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան: Դեսպան Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի, այնպես էլ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:»

Ալիք մեդիա

Գլխավոր լուսանկարը` akhaltskha.net-ի



Opinion, pooling and voting