Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի բնակիչները օգոստոսի 10-ին, արոտավայրերի խնդրով դիմեցին մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին և Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին:
Գյուղացիները ցանկանում են արդար բաժանել հողերը: «Մենք կով ենք պահում, բայց արոտավայրեր չունենք, նույնիսկ արոտավայր տանող ճանապարհ չկա, քանի որ տարածքը զբաղված է: Գյուղացիներից ոմանք ունեն 15 հա տարածք: Բնակիչները ցանկանում են հավասարապես բաժանել շնչի հաշվով ինչպես գյուղի ներսում գտնվող հողերը, այնպես էլ արոտավայրերը: Նրանք, ովքեր միայնակ են, ունեն 5 հա, իսկ 6 հոգանոց ընտանիքը նույնիսկ 1.20 հա չունի », – ասում են բնակիչները:
Բնակիչները նշել են նաև, որ կան այնպիսի նորաստեղծ ընտանիքներ, որոնք իրենց հայրական ընտանիքից բաժանվելուց հետո, չունեն հող ու չեն կարող ստանալ, և նրանք պետք է օգտագործեն իրենց հայրական հողերը:
Օրոջալար գյուղում ապրում է մոտ 160 ընտանիք: Հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 2280,44 հա, որից մոտ 303,44 հա վարելահողեր են, 370,33 հա խոտհարքերի հողեր, 912 հան արոտավայրեր, 3.5 հա-պտղատու այգիներ, 484.66-ը տնամերձ հողամաս:Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն առաջարկել է, որ բնակիչները, գյուղի մասնագետ Ռ. Փափազյանի հետ միասին, գան քաղաքապետարանի տնտեսական բաժին և պարզեն, թե որ հողերն են իրենց սեփականությունը, որոնք պետական սեփականություն , և որոնք են վարձակալված:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում արոտավայրերի խնդիրը ավելի հրատապ և մտահոգիչ է դարձել քաղաքապետարանի բնակիչների համար: