Ի՞նչն է դարձել Թորիացիների ծեծկռտուքի առիթ

Ի՞նչն է դարձել Թորիացիների ծեծկռտուքի առիթ

Օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ազգությամբ ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ: Այս մասին «Ալիք մեդիային» հայտնում են Թորիայի բնակիչները:

«Սարում հունձ էինք անում՝ մոտ 30 հոգով, երբ մոտեցան Գարդաբանիից ժամանած հովիվները, որոնք ամեն տարվա նման ոչխարի հոտը բերել էին մեր սարերում արածացնելու: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ արտերը հնձելուց հետո կարող են բերել հոտը: Երբ բարձրացան մեզ հետ խոսելու, մենք անհամաձայնություն ունեցանք, որից հետո նրանք իջան ներքև», — «Ալիքի» հետ զրույցում պատմում է Թորիայի բնակիչը:

Բնակչի խոսքով՝ երբ հովիվները հետ են իջել, ոչխարը քշել են դեռ չհնձած դաշտի մեջ, ինչից հետո հունձ անող թորիացիները 3-4 երեխայի ուղարկել են, որ փոխանցեն՝ ոչխարը դուրս բերեն չհնձած արտից:

«Երեխաներին ծեծել էին, մեկի քիթը կոտրել: Մեծերը իջան պարզելու, թե ինչի են նման բան արել, ինչից հետո քաշքշուկ սկսվեց և վերածվեց ծեծկռտուքի, թեև շուտով և ավարտվեց», — պատմում է Թորիայի բնակիչը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ թորիացիներին են մոտեցել տարածքում հսկող վրաց սահմանապահները, իրենք էլ պատմել են ողջ իրողություն և այդ պահին, «մի 3-4 մեքենայով եկան գարդաբանցիները, դուրս եկան մեքենաներից փայտե ու երկաթե ձողերով ու սկսեցին խփել: Նրանք նաև վրաց սահմանապահներին էին խփում»:

«Քիչ անց եկան ոստիկանությունից, Թորիայի 5-6 բնակիչ կոտրվաքներ և տարբեր վնասվածքներ ունեին, այդ թվում նաև երկու անչափահաս երեխա: Նրանց հիվանդանոց տեղափոխեցին, որից հետո էլ Թորիայի 3 բնակչի ոստիկանական բաժանմունք տեղափոխեցին», — պատմում է բնակիչը:

Այսօր առավոտից Թորիայի բնակիչները հավաքվել են Նինոծմինդայի շրջանային ոստիկանության շենքի մոտ և պահանջում են ազատ արձակել բերման ենթարկած թորիացիներին: Ըստ նրանց՝ տղաները մեղավոր չեն և ոչ մի տուգանք չպետք է սահմանվի նրանց համար:aliq.ge