Օգոստոսի 26-ին Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց Թորիա գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացնում: Նրանք պահանջում են ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին, որոնց նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը:
«Իմ որդին սարերում խոտ էր հնձում, և քոչվոր հովիվները նրան ծեծի են ենթարկել երկաթե ձողով: Ոստիկանությունը խոստացավ, որ 4-5 օրվա ընթացքում նրանք կազատեն մեր տղաներին: Եթե նրանք չթողնեն, մենք նորից ենք հավաքվելու և բողոքելու: Մենք պահանջում ենք ազատել ձերբակալված երիտասարդներին », – ասաց տուժածներից մեկի հայրը:
Նշենք, որ օգոստոսի 23-ին Կաթնատու գյուղի մոտակայքում և սահմանամերձ հատվածում, որտեղ գտնվում են Թորիա գյուղի ամառային արոտավայրերը, Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած հովիվների միջև ծեծկռտուք է եղել:
Այս գործով oգոստոսի 26-ին Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի է ունեցել դատական նիստ: Բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է երկամսյա նախնական կալանք: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին: