Ախալքալաքի շրջանի Չամդուրա գյուղի բնակիչները պահանջում են վերադարձնել և գյուղացիների օգտագործմանը հանձնել գյուղին հարակից հողը, որը քաղաքապետարանը փոխանցել է գյուղի բնակիչներից մեկին:
Չամդուրա գյուղի տարածքն ունի 3 հա հող, որը ժամանակին պատկանել է անտառտնտեսությանը, իսկ հետո փոխանցվել է քաղաքապետարանին: «Ալիքին» պատմում են գյուղացիները:
«Ախալքալաքի քաղաքապետարանը այդ հողը 49 տարի օգտագործման իրավունքով, 2018 թվականի դեկտեմբեր ամսին փոխանցել է 80-ամյա Քիշմիշ Վայրադյանին, ով գյուղի պատգամավոր Անդրանիկ Մուրադյանի երկրորդ մայրն է: Մեզ համար անընդունելի է: Մեր գյուղի արոտավայրերը շատ քիչ են, և հիմա գյուղացիների հողը տալիս են յուրայիններին, այսինքն պաշտոնյաներից ինչ-որ մեկի հարազատին», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Չամդուրա գյուղի բնակիչներից մեկը:
Չամդուրացիները պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետարանի՝ Քիշմիշ Վայրադյանին հողը փոխանցելու մասին պայմանագիրը: aliq.ge