Նինոծմինդա քաղաքում ջրի պակասը կապված է նաև կենտրոնական խողովակի վնասվելու հետ

Նինոծմինդա քաղաքում ջրի պակասը կապված է նաև կենտրոնական խողովակի վնասվելու հետ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչը տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, որ ջրագիծը կոտրվել է, և ջուրը դուրս է հոսում:

Ջուրը հոսում է Օրոջալարի արոտավայրերի ավազաններից, որոնք տեղակայված են Կաթնատու գյուղի տարածքում, որտեղից գալիս է Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման կենտրոնական գիծը: Ինչպես ասում է բնակիչներից մեկը, արդեն մի քանի ամիս է ջուրը հոսում է հենց այնպես:

«Մայիս ամսից մենք գնում ենք Օրոջալարի ամառային արոտավայրեր, և արդեն հինգ ամիս է, ինչ ջուրը հոսում է այդպես: Երկու տեղից վնասվել է Գոնդուրայի գյուղական համայնք տանող խողովակը: Հաշվի առնելով այն փաստը, որ ջուրը պարզապես հոսում է 24 ժամ, պարզ է որ մենք ջուր չենք ունենալու: Եվ դրանում մեղավոր են ինչպես ղեկավարությունը, այնպես էլ ջրամատակարարման ընկերությունը, քանի որ նրանք ուշադրություն չեն դարձնում », – ասում է Արթուր Մղդեսյանը:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքում խմելու ջրի խնդիրն արդիական է, հատկապես ամռանը : Բնակիչները օրերով խմելու ջուր չեն ստանում:

Այս հարցի շուրջ մենք դիմեցինք Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի դեպարտամենտի ղեկավար Արզուն Գորոյանին, ով պատասխանեց, որ իրենք գիտեն այս մասին, վաղը կզբաղվեն այս խնդրով և կկարգավորեն խնդիրը:

Radio NOR · Отсутствие воды в городе Ниноцминда связано и с повреждением центрального водопровода