Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ Վրաստանի ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք գրանցված են «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում», և նրանց վարկանիշային բալը 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հավասար է կամ պակաս 150,000-ից, կստանան պետական ֆինանսավորում 1 սեմեստրի վարձի` ոչ ավել քան 1125 լարիի չափով:
Ֆինանսավորումը վերաբերում է նաև այն ուսանողներին, որոնք 2019-2020 ուսումնական տարվա գարնանային սեմեստրի՝ 2020 թվականի հունվարի 1-ից, ուսման վարձի պարտք ունեն:
Այս օրերին բազմաթիվ ուսանողների է հետաքրքրում, թե ինչպես են ստանալու նշված աջակցությունը և ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Վրաստանի կառավարությունից «Ալիք Մեդիային» հայտնեցին, որ սոցիալապես անապահով ուսանողների, ինչպես նաև այն ուսանողների, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից ուսման վարձի պարտք ունեն, ցուցակները ԿԳ նախարարությունը կփոխանցի Առողջապահության նախարարությանը, և ֆինանսավորումը տեղի կունենա ավտոմատ կերպով, այդ իսկ պատճառով որևէ դիմում ներկայացնելու կամ գրանցվելու անհրաժեշտություն չկա: aliq.ge