Իմ հաղթելու շանսը շատ բարձր է. Մկոյանը կմասնակցի առաջիկա ընտրություններին

Իմ հաղթելու շանսը շատ բարձր է. Մկոյանը կմասնակցի առաջիկա ընտրություններին

Վրաստանի խորհրդարանի գործող պատգամավոր Հենզել Մկոյանը գրանցվել է որպես անկախ պատգամավորության թեկնածու և նախատեսում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նրա խոսքով՝ իր թեկնածությունն առաջադրել է նախաձեռնող խումբը, որի մեջ մտնում են ուսուցիչներ, բժիշկներ և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ես ներկայացրել եմ գրեթե բոլոր փաստաթղթերը և առաջիկայում պաշտոնապես կգրանցվեմ՝ որպես անկախ պատգամավորության թեկնածու: Ինձ ԿԸՀ-ի նախագահն ասել է, որ գրանցման հետ ոչ մի խնդիր չկա», — «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Մկոյանը:

Մեր հարցին, թե պատրաստվում է արդյոք առաջիկայում այցելել Նինոծմինդայի և Ախալքալաքի գյուղեր նախընտրական քարոզարշավ անցկացնելու համար, Մկոյանը պատասխանեց, որ նա 21 տարի պատգամավոր է եղել և գյուղերի նույնիսկ երեխաներին է ճանաչում ու անպայման այցելելու է գյուղեր ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ և անցկացնելու է իր քարոզարշավը:

Ինչ վերաբերում է իր հաղթելու շանսերին, Մկոյանը այստեղ նույնպես վստահ է.

«Իմ հաղթելու շանսը շատ բարձր է: Ինձ օրական 50-60 մարդ մոտենում կամ զանգում են և խնդրում, որ ես մասնակցեմ ընտրություններին ու դառնամ նրանց պատգամավորը: Հիմնականը ես ժողովրդի խնդրանքով եմ ուզում մասնակցել, իսկ իմ մասնակցության մյուս գործոնը իմ 5 անգամ պատգամավոր ընտրվելն է, որը ուզում եմ 6 դարձնել»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Մկոյանը:

Հենզել Մկոյանը 1999 թվականից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է: Երկու անգամ առաջադրվել է նախաձեռնող խմբից, երկու անգամ «Ազգային շարժման» անունից, իսկ 2016 թվականին «Վրացական երազանքի» անունից:

Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից:aliq.ge