COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը քաղաքացիական շրջանառության մեջ է մտել, առաջիկայում մատակարարումներ են սպասվում տարածաշրջաններ:
Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել են գերատեսչությունում, պատվաստանյութն անցել է անհրաժեշտ բոլոր լաբորատոր փորձարկումները:
Օգոստոսին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձևավորել մինչև երկու տարի ժամկետով:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին-երկրորդ փուլերի արդյունքում լուրջ անցանկալի երևույթներ (СНЯ, Grade 3) չեն հայտնաբերվել չափանիշներից ոչ մեկի գծով այն դեպքում, երբ լուրջ անցանկալի երևույթների մակարդակը մյուս թեկնածու պատվաստանյութերի մոտ տատանվում է 1 տոկոսից մինչև 25 տոկոս»:
ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել:
Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչև 500 միլիոն չափաբաժին: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութը կսկսեն արտադրել երկու հարթակներով՝ Գամալեյայի անվան կենտրոնի և «Բիննոֆարմ» գործարանի կողմից։