Հայ-վրացական սահմանի բացման հարցն անորոշ է․ ո՞րն է պատճառը

Հայ-վրացական սահմանի բացման հարցն անորոշ է․ ո՞րն է պատճառը

Փորձագետները Վրաստանի՝ հարևանների համար սահմանները բացելու որոշման ձգձգումը առաջին հերթին կապում են այդ երկրներում համաճարակաբանական իրավիճակի հետ։ Սակայն ներքաղաքական գործոնը ևս չեն բացառում։

Վրաստանը մտադիր չէ բացել ցամաքային սահմանը մի շարք երկրների, այդ թվում՝ այն հարևանների հետ, որոնց մոտ համաճարակաբանական իրավիճակն ավելի վատ է, առնվազն մինչև հոկտեմբերի 31-ը․ այդ օրը Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցում ասաց, որ պաշտոնական Թբիլիսին դրա համար երկու պատճառ ունի։

Վրաստանը SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման առաջին դեպքից հետո խիստ սահմանափակումներ մտցրեց ամբողջ երկրի տարածքում, իսկ արդեն մարտին փակեց հարևան երկրների հետ պետական սահմանները, ինչպես նաև դադարեցրեց ավիահաղորդակցությունը: Ավելին՝ վարակվածների փոքր թվի շնորհիվ երկիրը ներառված է շատ այլ երկրների «կանաչ ցուցակում»։ Վրաստանն էլ նույնկերպ իր օդային սահմանները բացել է այն երկրների համար, որտեղ վարակվածերի թիվը փոքր է։

«Առաջինը ներքաղաքական գործոնն է․ Վրաստանի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, կարողացավ թույլ չտալ, որ կորոնավիրուսը տարածվի երկրում։ Բոլոր կանխարգելիչ միջոցառումներն աշխատեցին»,
– ասաց Մելիքյանը։

Նա նշեց, որ դա աշխատեց հօգուտ իշխանությունների․ նրանք կարողացան իրենց 30 տոկոսից էլ ցածր վարկանիշը բարձրացնել ավելի քան 40 տոկոսի։ Դրան նպաստեց նաև բիզնեսի սուբսիդավորման քաղաքականությունը, որն այս ամբողջ ընթացքում իրականացնում էր կառավարությունը։

Երկրորդ գործոնը համաճարակաբանական իրավիճակն է, որը վերջին երեք շաբաթում սկսել է վատթարանալ։ Մելիքյանի խոսքով՝ իշխող կուսակցությունը թույլ չի տա, որ իրավիճակը ընտրություններից առաջ անվերահսկելի դառնա։ Ընդդիմությունը կարող է օգտվել դրանից, իսկ համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կանդրադառնա իշխող կուսակցության վարկանիշի վրա։

«Իշխանությունները ջանում են առավելագույնս հաստատուն պահել վիճակը, որպեսզի ընտրություններն անցկացնեն քիչ թե շատ նորմալ մթնոլորտում։ Դրանից է մեծապես կախված ընտրողների մասնակցությունը»,-
 նշեց վրացագետը։

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո հավանական զարգացումներին, ապա, ըստ մասնագետի, սահմանների բացման հարցը հիմնականում կախված է համաճարակաբանական իրավիճակից ինչպես Վրաստանում, այնպես էլ հարևան երկրներում։ Եթե այդ պահին Վրաստանում և Հայաստանում COVID-19-ի տարածման տեմպերը նվազեն կամ կայունանան, ապա բացառված չէ, որ ցամաքային հաղորդակցությունը վերականգնվի։

Բանն այն է, որ համավարակի շրջանում Վրաստանում ավելացել է արտաքին պարտքը, միջոցներն ուղղվել են բնակչությանը և բիզնեսին աջակցելու նպատակով։ Ընտրություններում հաղթելու դեպքում իշխանություններն արդեն ստիպված կլինեն մտածել այդ պարտքը փակելու մասին։ Հետևաբար նրանք չեն կարող շատ երկար մեկուսացած մնալ։

Նշենք, որ 2019թ․-ի արդյունքներով՝ Հայաստանը Վրաստան այցելած քաղաքացիների թվով(1 365 048 քաղաքացի) երրորդ տեղում է՝ Ադրբեջանից(1 526 619) և Ռուսաստանից(1 471 558) հետո։ Իսկ դա կարևոր գործոն է Վրաստանի տնտեսության համար։

Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Պետրե Մամրաձեն ևս չի բացառում, որ ընտրությունները կարևոր դեր ունեն վրացական իշխանությունների կողմից սահմանների բացման հարցում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ հատկապես ընտրություններից առաջ ընդդիմությունը ցանկացած պատմություն՝ քրեական գործերից մինչև սովորական փողոցային կռիվ, օգտագործելու է իշխող կուսակցությանը ստվերելու համար։

«Ընտրությունների գործոնը չի կարելի բացառել։ Սակայն համաճարակաբանական իրավիճակի հարցում Վրաստանը մեծ արդյունքների է հասել, և իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումները գործում են բացառապես ի շահ բնակչության»,-շեշտեց նա։

Մամրաձեի խոսքով՝ հայ-վրացական սահմանի բացման հարցը անհայտ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ երկրներում համաճարակաբանական իրավիճակը չի բարելավվել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20–ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 187 նոր դեպք է գրանցվել: COVID-19-ից ապաքինված քաղաքացիների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 46 –ով, սա ևս ռեկորդային ցուցանիշ է: Այսպիսով` առողջացածների ընդհանուր թիվը 1 481 է: tv9news.ge