Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական Զինված ուժերի 10 զինածառայող, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
«10 հոգի զոհ ունենք: Զինվորականների մասին է խոսքը: Քաղաքացիական վիրավորներ ունենք, երեխեք ունենք նաև վիրավորների թվում», – ասաց Բաբայանը՝ նշելով, որ օրվա վերջում կհրապարակվեն ամփոփ տվյալներ:
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:
Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։
Այս պահին պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ և ԱԹՍ-ներ է խոցել։
Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։