Երեկ հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործելով նաեւ զրահատանկային ստորաբաժանումներ եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Նրա խոսքով, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակը աննախադեպ է եղել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով:
«Օպերատիվ մարտավարական եւ մարտավարական իրադրությունում էական փոփոխություն չի եղել: Գիշերը լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդհատ: ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման փորձերը: Անհաջողություն կրելով հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը եւ խաղաղ բնակչությանը: Մասնավորապես Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները, որի ընթացքում նաեւ քաղաքներում վիրավորվել են հայ եւ արտասահմանյան լրագրողներ»,-ասաց նա:
«Ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության համար պայքարում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ: Վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավական շատ վիրավորներ»,-ընդգծեց նա:
News.am