Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Էմանուել Մակրոնը, Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը համատեղ հայտարարություն են տարածել արցախյան գոտում Ադրբեջանի և Թուրքիայի սանձած պատերազմի առնչությամբ: Նրանք ցավակցում են զոհերի հարազատներին, ապաքինում մաղթում վիրավորներին, դատապարտում բռնությունն ու կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու Մինսկի խմբի համանախագահների գործակցությամբ ձեռնամուխ լինել բանակցության գործընթացի: Հայտարարությունն, անշուշտ, ստանդարտ է, այն պարագայում, երբ Հայաստանի ու Արցախի դեմ սկսվել է գրոհ թուրք-ադրբեջանական ոչ միայն ռազմական, այլև ահաբեկչական ռեսուրսով: Մյուս կողմից, երեք երկրների նախագահների մակարդակով ավելի բովանդակային հայտարարություն կարճ ժամանակի մեջ ակնկալելը, թերևս, իրատեսական չէ հասկանալի, գուցե ոչ ընդունելի, սակայն հասկանալի պատճառներով: Իրավիճակը նուրբ է, շահերը բազմազան ու բազմաբնույթ, ըստ այդմ՝ համանախագահ երկրների ղեկավարները թերևս առաջնորդվել են «մի վնասիր» սկզբունքով՝ անել հայտարարություն, որը չի խանգարի ավելի տողատակային, կուլիսային մակարդակում շարունակել պատերազմի դադարեցման գործնական ջանքը:
Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի, որ համանախագահները կարծես թե «անտեսում» են Թուրքիային և կոչ են հղում Հայաստանին ու Ադրբեջանին, ինչը քաղաքական համատեքստում, թերևս, նշան է այն բանի, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների մակարդակում կա կոնսենսուս Թուրքիային մերժելու հարցում՝ հաշվի առնելով այն, որ Անկարան, իհարկե, Բաքվի համար չէ, որ մտել է գլոբալ սադրանքի դաշտ և գնացել արյունահեղության: Անկարան դրան գնացել է իր համար, համանախագահ երկրներին պահանջներ ներկայացնելու և պայմաններ թելադրելու, այսպես ասած, կովկասյան ռեգիոնում իրեն հաշվի առնելու համար, և համանախագահ երկրների երեք նախագահները փաստորեն նրան հաշվի չեն առնում՝ առնվազն իրենց հայտարարությամբ: Դա կարևոր կոնսենսուս է, որը պահպանելը պետք է լինի Հայաստանի դիվանագիտական ընթացիկ առաջնահերթություններից մեկը, նաև այն համատեքստում, որ կանխարգելվի որևէ առանձին «սեպարատ» պայմանավորվածության փորձ, որ կանի Անկարան երեք նախագահների այդ կոնսենսուսը ճեղքելու ուղղությամբ: Միաժամանակ, այդ կոնսենսուսը առաջին հերթին, անշուշտ, նաև հայկական բանակի ռազմաճակատային հաջողությունների արդյունքն է:
1in.am