Ադրբեջանը մի քանի անգամ կիրառել է «Սմերչ»՝ արգելված կասետային մարտագլխիկներով

Ադրբեջանը մի քանի անգամ կիրառել է «Սմերչ»՝ արգելված կասետային մարտագլխիկներով

Այսօր Ադրբեջանը «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով երկու անգամ հրթիռակոծել է Արցախի Հադրութ քաղաքը: Կասետային մարտագլխիկներով իրականացված հրթիռակոծության արդյունքում վնաս է հասցվել քաղաքացիական բնակչությանը: Այդ մասին վկայում են պաշտոնական եւ բոլոր մեդիա հրապարակումները, ինչպես նաեւ Արցախի խաղաղ բնակչությունից եւ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված առանձին ահազանգերից ստացված տեղեկությունները:

ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է, որ ինտենսիվ կասետային հրթիռներ կիրառելու մասին նախորդ օրը հայտարարել էր նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ փաստահավաք աշխատանքների արդյունքներով:

Կասետային մարտագլխիկներով զինված հարձակումները անթույլատրելի ռազմական ագրեսիա է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:

Եվ՛ Ժնեւյան կոնվենցիաները, եւ՛ Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման վտանգավոր զինատեսակների կիրառումը: Միջազգային իրավական փաստաթղթերը եւ միջազգային մարդասիրական սովորութային իրավունքն արգելում են կասետային զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր եւ անմարդկային (inhuman): Նշված զինատեսակներն ունեն ոչ ընտրողական ազդեցություն (indiscriminate effect) եւ վտանգում են խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, պատճառում լրացուցիչ վնասներ ու տառապանքներ:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է շահագրգիռ միջազգային կազմակերպություններին եւ մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին արձագանքել եւ հանդես գալ հստակ եւ աներկբա կոչերով դադարեցնելու ադրբեջանական կողմի նման ագրեսիվ ու անմարդկային վարքագիծը:

Նման զենքի կիրառումն արդեն հատում է բոլոր կարմիր գծերը եւ կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների: Կասետային զինատեսակների կիրառումը ոչ միայն անթույլատրելի է հասցված անմիջական վնասների տեսանկյունից, այլ նաեւ լրջորեն վտանգավոր ապագա սերունդների առողջության համար:

News.am



Opinion, pooling and voting