Ադրբեջանում բնակվող թալիշ ակտիվիստները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրմամբ և թալիշներին ռազմաճակատ ուղարկելու Ադրբեջանի կառավարության համակարգված ջանքերով։ Նրանք հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Թաշիստան» էջում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թալիշ ակտիվիստները նշել են, որ, պաշտպանելով Կովկասի ժողովուրդների միջև բարեկամությունն ու եղբայրությունը, հարգում են միջազգային նորմերը` կապված իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովուրդների իրավունքի հետ:
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ դա կհանգեցնի միայն խնդիրների գալիք սերունդների համար։ Մենք չափազանց մտահոգ ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշներին մարտի դաշտ ուղարկելու քայլերով, թալիշների շրջանում զոհերով և հայերի նկատմամբ ատելություն սերմանելու ջանքերով:
Թալիշների մեծ մասը դժգոհ է այս իրավիճակից: Մի կողմից, Ադրբեջանի կառավարությունը ճնշում է խոսքի ազատության ցանկացած դրսևում երկրում: Մյուս կողմից, դա շահարկվում է կառավարության հետ սերտ կապեր ունեցողների կողմից` ցույց տալու, որ թալիշների մեջ ատելություն կա հայերի նկատմամբ:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերջապես վերջ դնել թալիշների շրջանում ատելություն սերմանելու քաղաքականությանը։
Մենք կոչ ենք անում թալիշներին չտրվել ատելության քարոզչությանը: Մենք նրանց կոչ ենք անում խուսափել բախումներին մասնակցելուց: Մեր պատմության ընթացքում երբևէ հակառակորդ չենք եղել որևէ ժողովրդի և կշարունակենք այս ճանապարհը»,-նշել են նրանք իրենց հայտարարության մեջ։akunq.net