Ադրբեջանը եղել է, կա ու կմնա Վրաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը` ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին` անդրադառնալով վրաց-ադրբեջանական դեմարկացիային:
«Ոչ հետաքննություն սկսելու փաստը, ոչ էլ նոր բացահայտված հանգամանքներից ելնելով` ադրբեջանական կողմի հետ բանակցությունները և արդար լուծում գտնելու գործընթացը, որով մենք կվերանայենք դեմարկացիայի նախնական համաձայնագրերը, չեն վնասի մեր երկկողմանի պատմականորեն շատ ամուր, բարեկամական հարաբերություններին, քանզի մենք ոչ մի բողոք չունենք Ադրբեջանի պետությունից, առավել եւս ՝ նրա քաղաքական ղեկավարությունից, և ոչ էլ կարող ենք. ուզում եմ, որ մեր հասարակությունը սա շատ հստակ հասկանա, քանի որ ցանկացած պատասխանատու, հայրենասեր կառավարություն միշտ փորձում է առավելագունս պաշտպանել սեփական երկրի շահերը և դա միանգամայն նորմալ է», — ասել է նախարարը:
Զալկալիանին լիահույս է` ադրբեջանցի գործընկերների հետ բանակցություններն արդյունք կտան, կլինեն բովանդակային քննարկումներ, հարցի առարկայական վերանայում: Ադրբեջանցիները ծանոթացել են նոր ի հայտ եկած հանգամանքներին, քարտեզագիտական նոր նյութերին ու փորձագիտական եզրակացություններին:
Զալկալիանին ասել է, որ վրաց-ադրբեջանական սահմանի հետ առաջացած խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելն ավելորդ շահարկում է. «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ ցանկացած քաղաքական շահարկում, թե իբր սա կվնասի վրաց-ադրբեջանական հարաբերություններին, կամ կապ ունի ներկայիս հակամարտության հետ, բացարձակապես անհիմն է: Ուզում եմ հիշեցնել, որ մեր հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ տեղի է ունեցել հակամարտության սրացումից առաջ, հետևաբար սա քաղաքական մանիպուլյացիա է ու հակապետական վերաբերմունք: Զալկալիանին վստահ է` Ադրբեջանի հետ համաձայնության կգան, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար և չի վնասի կողմերի շահերին:
ՀիշեցնենքՎրաստանի դատախազությունը հետաքննում է վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի կառավարական հաձնաժողովի գործողությունների օրինականությունը: Տվյալներ կան, որ որոշ տարածքների հարցում ապօրինի համաձայնություններ են եղել
ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության: Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սա սադրանք է որակել: