Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար՝ գերիներին և զոհերի մարմինները փոխանակելու համար

Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ:

Փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան:

Այս մասին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից հետո լրագրողներին տեղեկացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին, նրա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությամբ:

Հրադադարի կոնկրետ պայմանները կհստակեցվեն լրացուցիչ:

Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ՝ հիմնվելով կարգավորման հիմնարար սկզբունքների վրա սկսում են սուբստանտիվ բանակցությունները՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարության տեքստը տեղադրված է ՌԴ արտգործնախարարության կայքում: