ՀՀ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ։ Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը, հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները։
Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Այդ պահանջի էությունը հետեւյալն է. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 շրջաններից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։
Ընդ որում, ԼՂ կարգավիճակի ճշգրտումը որեւէ պատճառահետեւանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։
Այսինքն տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ դա անընդունելի է։
Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Արդրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որեւէ լուրջ քննարկում, ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որեւէ բան է Ադրբեջանի կազմում։ Ըստ էության, րվում էր կռուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պետք է ընդհանրապես հայաթափվեր։
Միաժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը եւ հայատյաց քարոզը։
Վերջին 2,5 տարվա ընթացքում մենք բարեփոխումներ իրականացրինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար։ 2020-ին տեղի ունեցած Տավուշյան հաղթական մարտերը ապացուցեց շատերի համար անսպասելի ադրբեջանական բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի , այլեւ բազմաթիվ այլ երկրների եւ առաջին հերթին Թուրքիայի համար։
Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ։ Մեծաթիվ թուրքական զորախումբ եւ տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան։
Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակը ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, եւ Թուրքիան որոշեց, որ ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Տեղի ունեցավ աննախադեպ մի բան. Թուրքիան բացահայտ սկսեց սպառնալ Հայաստանին՝ զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների, վարձկանների Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղի հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի զինված ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար։
Այս իրավիճակում մնք փորձեցինք գործի դնել ռազմաքաղաքական մեխանիզմներ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու իրադարձությունների շղթայական ռեակցիայի։ Հետեւաբար տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն։
News.am